Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ընդգծել է, որ այսօր երկրում լրջագույն խնդիրներ են կուտակվել, բայց ուշադրությունն ուղղվել է եկեղեցուն։
Ըստ Ղուկասյանի՝ երկիրը պետք այնպիսի մարդ ղեկավարի, ով ընդերքի հարստությունը կդարձնի պետական սեփականություն, թոշակները, աշխատավարձները, բյուջեն կբարձրացնի և այլն, հայտնում է Auroranews.am-ը։
«Ես պատրաստ եմ պետությունը ղեկավարելու, թող ժողովուրդն ինձ «պադերժկա» անի, տեսեք՝ ինչ եմ անելու», – ասել է Ղուկասյանը։
Նա նշել է, որ Հայաստանն այսօր այննքան խնդիրներ ունի, այնքան լուրջ հարցեր ու մարտահրավերներ կան, բայց «ամեն ինչ թողել են, ուզում են եկեղեցին դաստիարակեն»։
«Խորացել են եկեղեցու կանոնների մեջ։ Նախ թող իրենց վարքի մասին մտածեն, որ իրենք ասում էին տրանսգենդերներն իրենց կարծիքն ու ապրելակերպն ունեն։ Իրենց բան չի կարելի ասել՝ ԼԳԲՏ կառույցները օրինականացնում են, հետո անցնում են սրբություններին։ Ես զարմանում եմ, որ սրանք մի ծայրահեղությունից անցնում են մեկ այլ ծայրահեղության, հայոց ազգը սրան դեմ է»,-ասել է Ղուկասյանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասուլիսի ընթացքում, պատասխանելով այն հարցին, թե ինչպես է ազատելու Վեհարանը՝ Փաշինյանն ասել է, որ «Վեհարանն ազատելու են այնպես, ինչպես 2018-ին Հայաստանն ազատեցին Սերժ Սարգսյանից»։ Ավելի ուշ նա հորդորել է պատրաստվել «Մեծ հոգևոր հանդիպման Էջմիածնի կենտրոնական հրապարակում»։






