«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի հաստատած իրավական ակտերի հիմքով ընկերության բարձրագույն ղեկավարության կազմում կատարվել են մի շարք կադրային փոփոխություններ։ Այդ մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։
Մասնավորապես՝ «ՀԷՑ» ՓԲԸ-ի Գլխավոր տնօրենի տեղակալ, Իրացման տնօրեն է նշանակվել՝ Լևոն Օհանեսյանը (պետական կառավարման համակարգի և մասնավոր ոլորտներում մոտ 25 տարվա մասնագիտական փորձ).
«ՀԷՑ» ՓԲԸ-ի Գլխավոր տնօրենի տեղակալ, Էկոնոմիկայի և ֆինանսների տնօրեն է նշանակվել՝ Արմեն Շահնազարյանը (պետական կառավարման համակարգի ֆինանսական և մասնավոր ոլորտներում մոտ 25 տարվա մասնագիտական փորձ).
«ՀԷՑ» ՓԲԸ-ի Գլխավոր տնօրենի տեղակալ, Անվտանգության և վերահսկողության տնօրեն է նշանակվել՝ Դավիթ Սարգսյանը (պետական կառավարման համակարգի և անվտանգային ոլորտներում մոտ 25 տարվա մասնագիտական փորձ).
«ՀԷՑ» ՓԲԸ-ի Իրացման տնօրենի տեղակալ, Երևան քաղաքի էներգաիրացման սպասարկման տնօրեն է նշանակվել՝ Արման Սմբատյանը (պետական կառավարման համակարգի և մասնավոր ոլորտներում մոտ 20 տարվա մասնագիտական փորձ):
Նշվում է, որ «ՀԷՑ» ՓԲԸ-ի ժամանակավոր կառավարչի լիազորությունների ժամկետներում վերջինիս կողմից իրականացվելիք գործողությունների նպատակներն են՝ միտումնավոր եղանակով էներգետիկ ճգնաժամի ստեղծման ռիսկերի կանխարգելումը, հանրային կարգի ապահովումը, պետական անվտանգությանը սպառնացող հնարավոր ռիսկերի վերացումը, ՀԷՑ-ում տեղի ունեցած չարաշահումների քողարկման բացառումը և հետագա չարաշահումների կանխարգելումը:
Երկու ամսով կալանավորված գործարար, բարերարՍամվել Կարապետյանը և նրա ընտանիքը հաղթել են ՀՀ կառավարության դեմ նախաձեռնած ՀԷՑ-ը պետականացնելու արբիտրաժային հրատապ գործը։
2025 թվականի հուլիսի 22-ին Ստոկհոլմի առևտրային պալատի հրատապ արբիտրաժը որոշում է կայացրել՝ պարտավորեցնելով ՀՀ-ին չկիրառել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ վերջերս ընդունված «էներգետիկայի մասին» և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքներով սահմանված դրույթները, ինչպես նաև դադարեցնել ՀԷՑ-ի հնարավոր բռնագրավման հետագա քայլերը։
ՀՀ կառավարությունն արձագանքել է ՀԷՑ–ի հարցով Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի հուլիսի 22-ի վճռին։ Նշվում է, որ «վեճի շրջանակն այլ է, քան ժամանակավոր կառավարիչ նշանակելու որոշման նպատակները»։ Նշվում է, որ հարգելով վճիռը, միևնույն ժամանակ բոլորը պարտավոր են առաջնորդվել նաև ՀՀ օրենսդրությամբ։






