Վանաձորի բանկերից մեկում փորձ է արվել հափշտակել 80 միլիոն ռուբլի։ Կասկածյալը սկզբում ձերբակալվել է, այնուհետև դատարանի որոշմամբ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանք, հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։
Ըստ հաղորդագրության, ժամը 15.50-ի սահմաններում մասնաճյուղ էր մտել բանկի հաճախորդ 33-ամյա մի տղամարդ, բարձրացել երկրորդ հարկ, մտել մի աշխատատեղի տարածք և հափշտակել ինկասացիայի համար նախատեսված կապարակնքված պարկը, որի մեջ կար 80 միլիոն ռուբլի:
Բանկի անվտանգության պահնորդն ու մեկ այլ հաճախորդ հետապնդել են նրան, և երբ 33-ամյա տղամարդը, անցնելով Գրիգոր Լուսավորչի փողոցը, փորձել էր նստել «Մերսեդես» մակնիշի իր մեքենան, հետապնդողները հասել են նրան: Սկսվել է քաշքշուկ, որի ընթացքում հարձակվողն արցունքաբեր գազ է փչել հետապնդողների դեմքին:
Ի վերջո պահնորդին և նրան օգնող քաղաքացուն հաջողվել է խլել կապարակնքված պարկը, ինչից հետո հարձակվողն իր մեքենայով հեռացել է:
Նույն օրը Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ` առանձնապես խոշոր չափերով ավազակության փորձի հատկանիշներով: Լոռու մարզի քրեական ոստիկանների ձեռնարկած գործողությունների արդյունքում հուլիսի 21-ին Վանաձորի Զորավար Անդրանիկի փողոցում հայտնաբերվել է «Մերսեդեսը»:
Խուզարկությամբ մեքենայում հայտնաբերվել է արցունքաբեր գազի բալոնը, իսկ խցիկի թաքստոցում` հինգ փամփուշտով լիցքավորված գազային ատրճանակ: Հետագա միջոցառումների արդյունքում հուլիսի 23-ին 33-ամյա տղամարդը եկել է Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչություն, ձերբակալվել ու ներկայացվել վարույթն իրականացնող մարմին:
Հաջորդ օրը դատարանի որոշմամբ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։






