Մարդասպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված, 29 տարի կալանավայրում անցկացրած և պայմանական վաղաժամկետ ազատ արձակված Մհեր Ենոքյանն ու կինը՝ Զարուհի Մեժլումյանը տարածել են հայտարարություն՝ նշելով, որ «երկար պայքարից հետո հասել են բաղձալի բառին՝ «ազատել»։
«Սիրելի՛ սրտացավ, իրավագիտակից մարդիկ, 29 տարի անց Մհերը ազատ է: Նրա բանտարկության ուղիղ կեսը մենք անցել ենք միասին: Այս երկար ճանապարհին երկուսս էլ դարձանք իրավաբան՝ սիրով ու համբերությամբ լի պայքարը համեմելով նաև գիտելիքով:
Տեղյակ եք, որ 2022-ից՝ երեք տարի շարունակ Մհերը գտնվում էր բաց ռեժիմում: Այդ ընթացքում պարբերաբար վերադառնում էր ազատություն: Գումարային հաշվով 3 տարիներից 1 տարին նա բաց հասարակության մեջ է ապրել՝ հայրենաճանաչության դասեր ստանալով՝ լինելով մեր հանրապետության բոլոր մարզերում, մասնակցել տարբեր դասընթացների, միջոցառումների, հետբուհական կրթություն է ստացել:
Այս ընթացքում պահպանում էինք հարաբերական լռություն, քանի որ մեր պետության համար ներքին ու արտաքին մարտահրավերները շատ են: Հնարավորինս չէինք բարձրաձայնում, որ 2023-ից ի վեր դատարաններում երեք անգամ մերժվել է Մհերի պայմանական վաղաժամկետ ազատումը, չնայած պետական երկու կառույցները տալիս էին դրական զեկույցներ: Եվ ահա 4-րդ անգամ, երբևէ ազատվելու իրատեսական հույսի բացակայության պայմաններում, դատարանում երկուսով կանգնած՝ լսում ենք երկար սպասված բաղձալի այդ բառը՝ «ազատել»:
Շնորհակալ ենք յուրաքանչյուրիդ, մեր ընկերներին պայքարի այս երկար, սիրով ու համբերությամբ, բազմաթիվ մերժումներով ու տառապանքներով լի այս ճանապարհին Ձեր ցուցաբերած աջակցության, բարի խոսքի, գործուն ջանքերի, հուսահատությունից ետ վերադարձնելու համար: Մենք դա զգացել ենք մշտապես:
Շնորհակալություն Դատարանին պայմանական վաղաժամկետ ազատման ոլորտի միջազգային կարգավորումները և մարդու հիմնարար իրավունքների վերաբերյալ մեր պետության ստանձնած պարտավորությունները հաշվի առնելու և կիրառելու համար:
Հիշեցման կարգով՝ 2018-2021թթ. ազատվել էր 4 ցմահ դատապարտյալ՝ անգամ փակ և կիսափակ ռեժիմներից՝ պատիժ կրելով 20-25 տարի»,–ասվում է գրառման մեջ։
Դատախազությունը բողոքարկել է Մհեր Ենոքյանի պայմանական վաղաժամկետ ազատ արձակումը։






