Հայաստանը չի ընդունել ԱՄՆ-ի կողմից ներկայացված Սյունիքով անցնող ճանապարհի վարձակալման առաջարկը՝ տեսնելով ինքնիշխանության զիջման վտանգ։ Այդ մասին Factor TV-ի հետ զրույցում ասում է ԱԺ Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահ, ՔՊ խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը՝ անդրադառնալով ապաշրջափակման ամերիկյան ծրագրին։
«ԱՄՆ-ն ունեցել է ճանապարհի վարձակալման առաջարկ, որը չենք ընդունել․ նկատել ենք ինքնիշխանության զիջման վտանգ»,-ասել է նա, գրում է Factor.am-ը։
Ըստ նրա՝ ՀՀ կառավարությունը համաձայն է ապաշրջափակման հարցը դիտարկել ինքնիշխանության, իրավազորության, փոխադարձության և տարածքային ամբողջականության սկզբունքների պահպանման տիրույթում։
Իշխանական պատգամավորը խոսել է նաև ռուսական ուղղորդմամբ դաշտ նետված այն կեղծ լուրերի մասին, թե ամերիկյան զորքեր են կանգնելու ճանապարհին, թե ԱՄՆ-ն թուրքական ընկերություն է բերում ՀՀ։
Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքը, անդրադառնալով տարածաշրջանում հաղորդակցային ուղիների ապաշրջափակման թեմային, օրեր առաջ նշել է, որ Միացյալ Նահանգներում նման խնդիրները հնարավոր կլիներ լուծել, օրինակ, ճանապարհը 100 տարով վարձակալելու տարբերակով, ինչը թույլ կտար բոլոր կողմերին օգտվել այդ ճանապարհից, սակայն հավելել է, որ Հարավային Կովկասում մշակութային տարբերությունները նման մոտեցման իրագործումը դժվարեցնում են։






