Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին ԱՆ-24 ինքնաթիռի ավիավթարի հետևանքով տասնյակ զոհերի կապակցությամբ:
«Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, ընդունեք անկեղծ ցավակցություններս՝ Խաբարովսկ-Բլագովեշչենսկ-Տինդա չվերթն իրականացնող «Անգարա» ավիաընկերության ԱՆ-24 քաղաքացիական ինքնաթիռի ուղևորների ողբերգական մահվան կապակցությամբ։
Խնդրում եմ անկեղծ կարեկցանքի և աջակցության խոսքերս փոխանցել ինքնաթիռի վթարի հետևանքով իրենց հարազատներին կորցրած ընտանիքներին»,–ասվում է հեռագրում։
Հուլիսի 24–ին ՌԴ Ամուրի մարզում, ռադարներից անհետացել է Ան‑24 ուղևորատար ինքնաթիռը, որը թռչում էր Խաբարովսկ–Բլագովեցչենսկ–Տինդա երթուղով։Ավելի ուշ հայտնի դարձավ, որ որոնման ժամանակ փրկարարները հայտնաբերել են անհետացած Ան‑24 ինքնաթիռի բեկորները։ Ինքնաթիռում 49 մարդ է եղել, բոլորը զոհվել են։






