AM
25 Հուլիս 2025 - 07:45 AMT

Բացվել է Ժանսեմի 105-ամյակին նվիրված ցուցադրությունը

Հայաստանի ազգային պատկերասրահում հանդիսավորությամբ մեկնարկել է ֆրանսահայ նշանավոր նկարիչ Ժան Ժանսեմի 105-ամյակին նվիրված ցուցադրությունը՝ «Ժանսեմ. կենդանի գծի վարպետը» խորագրով:

Միջոցառմանը ներկա են գտնվել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալներ Ալֆրեդ Քոչարյանն ու Արթուր Մարտիրոսյանը, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, մշակութային ոլորտի ներկայացուցիչներ, արվեստագետներ և արվեստի սիրահարներ։

Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել ազգային պատկերասրահի անձնակազմին հետևողական աշխատանքի և մշակութային շարունակական նախաձեռնությունների համար։ Անդրադառնալով պատկերասրահում վերջին տասնօրյակում կազմակերպված արդեն երրորդ ցուցադրությանը՝ նախարարը ընդգծել է արվեստային աշխույժ մթնոլորտի ձևավորումը։

«Ապրիլի 15-ին ամբողջական վերաբացումից հետո պատկերասրահը նոր թափով և նոր շնչով շարունակում է իր գործունեությունը՝ բազում առիթներ ընձեռելով շաբաթվա մեջ մի քանի անգամ պատկերասրահ գալու, ամեն անգամ նորովի ծանոթանալու ներկայացված հավաքածուներին և միջավայրին: 10 օրում երեք ցուցադրության իրականացումը ցույց է տալիս, որ անկախ եղանակից և կլիմայական պայմաններից՝ աշխատանքը կանգ չի առնում: Այդ աշխատանքի շնորհիվ է նաև, որ մեր քաղաքացիները, զբոսաշրջիկները, հանրությունը հնարավորություն ունեն անդրադառնալու այնպիսի կարևոր թեմաների, ինչպիսին այսօրվա ցուցադրությունն է՝ նվիրված Ժանսեմի 105-ամյակին»,- նշել է նախարարը։

Ժաննա Անդրեասյանը կարևորել է Ժանսեմի արվեստի նորովի ընկալման հնարավորությունը։

«Ժանսեմի արվեստը ոչ ոքի չի կարող անտարբեր թողնել։ Սա զգացողությունների այնպիսի ամբողջություն է, որին յուրաքանչյուրը յուրովի է արձագանքում։ Վստահ եմ՝ այսօր կկարողանանք յուրաչափյուրս մեր արձագանքն ու առնչությունն ունենալ: Սա նաև սոցիալական արվեստի այն կարևոր յուրահատկությունն է, որը մեզ թույլ է տալիս անձնական փորձառությունների միջոցով խոսել հանրային կարևոր խնդիրների մասին»,- նշել է Ժաննա Անդրեասյանը։

Հայ-ֆրանսիական մշակութային կապերի ամրապնդման համատեքստում նախարարը երախտագիտություն է հայտնել Ֆրանսիայի Հանրապետությանը՝ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության միջոցով համագործակցությանը և ցուցաբերած աջակցությանը։

Իր խոսքն են հղել նաև ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին, Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը, ինչպես նաև ցուցադրության համադրողներ Նունե Թադևոսյանն ու Վիգեն Գալստյանը։ Ժաննա Անդրեասյանը, Մարինա Հակոբյանի ուղեկցությամբ, շրջել է սրահում, դիտել ներկայացված աշխատանքները, որոնք ընտրվել են Ժանսեմի՝ Հայաստանին նվիրած հարուստ հավաքածուից՝ վերահաստատելով նրա ստեղծագործական կապը հայրենիքի ու ազգային մշակույթի հետ։

Ցուցադրության շրջանակում ներկայացված է Ժան Ժանսեմի ավելի քան 120 ստեղծագործություն, որոնք արտացոլում են նրա 1960-80-ականների գրաֆիկական աշխատանքների առանցքային թեմաները։ Հանրության համար ցուցադրությունը հասանելի կլինի հուլիսի 25-ից մինչև հոկտեմբերի 25-ը։ Ֆրանսահայ հանրահայտ նկարիչ Ժան Ժանսեմի (Հովհաննես Սեմերջյան, 1920–2013) ստեղծագործական ուղին հագեցած է մարդկային և սոցիալական բովանդակությամբ, որոնք նշանակալի հետք են թողել 20-րդ դարի երկրորդ կեսի ֆրանսիական և սփյուռքահայ մշակույթում։

Իր գործերում Ժանսեմը պատկերել է հատկապես հասարակության խոցելի խմբերին՝ կենտրոնանալով աղքատների, կանանց, երեխաների ու տարեցների վրա, ինչպես նաև ընդգծելով առօրյան, դրա առարկաներն ու արարողակարգերը։