AM
25 Հուլիս 2025 - 08:32 AMT

Բագրատ սրբազանը 3-ական միլիոն դրամի հայց է ներկայացրել Պետրոսյանի և Թորոսյանի դեմ

«Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը դատական հայց է ներկայացրել Պետական վերահսկողության ծառայության նախկին պետ, այժմ ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի և ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության Արսեն Թորոսյանի դեմ, հայտնում է Factor. am-ը։

Գալստանյանը դատարանից պահանջում է նրանցից յուրաքանչյուրից բռնագանձել 3 մլն դրամ որպես ոչ նյութական վնասի հատուցում, որից 1 մլն դրամը՝ զրպարտության, 2 մլն դրամը՝ վիրավորանքի համար:

Հայտնի չէ, թե ՀԷՑ ժամանակավոր կառավարչի և իշխող ուժի պատգամավորի որ ելույթը կամ խոսքն է Գալստանյանը զրպարտություն կամ վիրավորանք համարել։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Գալստանյանը դատական հայց է ներկայացրել առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի, ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի, ինչպես նաև մի քանի այլ հանրային գործիչների դեմ։ Նա Ալեքսանյանից պահանջում է 6 միլիոն դրամ փոխհատուցում, իսկ Անահիտ Ավանեսյանից, «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանից, նույն կուսակցության ավագանու անդամ Անի Խաչատրյանից, ԱԺ նախկին պատգամավոր Ստյոպա Սաֆարյանից և քաղաքագետ Հարություն Մկրտչյանից՝ 3-ական միլիոն դրամ։

Անահիտ Ավանեսյանը հայտնել է Բագրատ Գալստանյանի դեմ միասնական հայց ներկայացնելու մասին։