AM
25 Հուլիս 2025 - 09:29 AMT

«Խոսրովի անտառ» արգելոցը հուլիսի 27-ին փակ կլինի այցելուների համար

Հուլիսի 27-ին «Խոսրովի անտառ» պետական արգելոցը փակ կլինի այցելությունների համար։

«Հաշվի առնելով հանրապետության տարածքում հրդեհավտանգ ժամանակահատվածը և արգելոցի տարածքում առկա խիտ խոտածածկույթը՝ տեղեկացնում ենք, որ «Խոսրովի անտառ» պետական արգելոցը հուլիսի 27-ին փակ կլինի ցանկացած տեսակի այցելությունների համար»,–ասվում է արգելոցի հաղորդագրության մեջ։

Հնարավոր հրդեհներից և դրանց անկանխատեսելի հետևանքներից խուսափելու համար «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի տնօրինությունը հորդորում է՝

  • պետական արգելոցի հարակից տարածքներում պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները՝ չնետել այրվող լուցկի, չմարված ծխախոտի մնացորդ, չկատարել չոր խոտի, կենցաղային աղբի այրում,
  • խարույկ վառել միայն նախատեսված վայրերում և վերջում մարել ջրով կամ ծածկել հողով,
  • տարածքում չթողնել շշեր, ապակու կտորներ, որոնք կնպաստեն հրդեհի առաջացմանը,
  • ցուցաբերել զգուշավորություն և զգոնություն

«Խնդրում ենք լինել ավելի ուշադիր, աջակցել ««Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ին և ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությանը պահպանության աշխատանքների իրականացման գործում անտառային հրդեհներից և արգելոցային ռեժիմի այլ խախտումներից խուսափելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։