AM
25 Հուլիս 2025 - 09:56 AMT

Օրենքի խախտմամբ սեփականության իրավունք է գրանցվել Երևանի՝ մոտ 175 մլն դրամ արժեքով հողամասի նկատմամբ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախաձեռնած քրեական վարույթի շրջանակում իրականացված նախաքննության արդյունքում բացահայտվել է, որ ժամանակին ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համապատասխան ստորաբաժանման պետի պաշտոնը զբաղեցրած անձը, համաձայնեցված ձևով նույն ստորաբաժանման երկու այլ պաշտոնյաների հետ, շահագործելով իրենց պաշտոնեական լիազորությունները՝ խախտել են օրենքի պահանջները և ծառայողական դիրքն օգտագործել են ծառայության շահերին հակառակ՝ գրանցելով քաղաքացու սեփականության իրավունքը՝ Երևան համայնքին պատկանող հողամասի նկատմամբ։

Հողամասի կադաստրային արժեքը մոտ է շուկայականին և կազմում է մոտ 175 միլիոն դրամ, հայտնում է Հակակոռուպցիոն կոմիտեն։

«Մասնավորապես՝ նախաքննությամբ հիմնավորվել է, որ վերը նշված պաշտոնատար անձը, նախապես տեղյակ լինելով, որ Երևան համայնքին պատկանող՝ Ազատության պողոտա 26/1 հասցեում գտնվող 2963.47 քմ մակերեսով հողամասը «Երևանի Քանաքեռ-Զեյթուն համայնքի ղեկավարի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկին տրամադրված է եղել անհատույց օգտագործման իրավունքով, դիտավորությամբ անտեսելով և խախտելով ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8-րդ կետի պահանջները, չունենալով որևէ տվյալ, որ հիշյալ հողամասը քաղաքացու կողմից ձեռք է բերվել անհատույց օգտագործման կամ վարձակալության իրավունքով, 2007 թվականի ապրիլի 17-ին նույն ստորաբաժանման երկու այլ պաշտոնյաների հետ համատեղ գրանցել է քաղաքացու սեփականության իրավունքը նշված հողամասի նկատմամբ։

Արդյունքում՝ հիշյալ քաղաքացուն տրամադրվել է սեփականության իրավունքի վկայական, որի հետևանքով էական վնաս է պատճառվել Երևան համայնքի օրինական շահերին, այդ թվում՝ համայնքը զրկվել է շուրջ 175 մլն ՀՀ դրամ՝ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողամասի նկատմամբ սեփականության իրավունքից։

Նախկին ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ստորաբաժանման պետին մեղադրանք է ներկայացվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով»,- ասվում է հաղորդագրությունում։

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։