AM
25 Հուլիս 2025 - 09:58 AMT

6 ամսում ՔԿ քրեական գործերով վերականգնվել է ավելի քան 20 մլրդ դրամ գույքային վնաս

2025 թվականի առաջին կեսի ընթացքում ՀՀ քննչական կոմիտեում քննվել է 56,814 քրեական վարույթ, որոնցից 18,969-ն արդեն ավարտվել է՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 17,887 գործի դիմաց, այսինքն ցուցանիշն աճել է 1082-ով։

Նշված 18,969 քրեական վարույթից 6111-ը՝ 6547 անձի վերաբերյալ, ուղարկվել է դատարան մեղադրական եզրակացությամբ։ Նախորդ տարվա նույն ցուցանիշը կազմել է 5127, ինչը նշանակում է աճ 984-ով։ Մնացած 12,858 վարույթն ավարտվել է կարճմամբ, մինչդեռ 2024 թվականի առաջին կեսին այդ ցուցանիշը կազմել է 12,760, այսինքն ավելացել է 98 գործով, հայտնում է Քննչական կոմիտեն։

Քննչական կոմիտեն առաջին կիսամյակում մեծ ծավալի աշխատանք է իրականացրել հանցագործություններով պատճառված գույքային վնասի փոխհատուցման ուղղությամբ։

Մասնավորապես, արդեն ավարտված վարույթներով վերականգնվել է 4 միլիարդ 372 միլիոն 675 հազար դրամի չափով վնաս։ Բացի այդ, գույքի վրա դրվել է արգելանք՝ 509 միլիոն 997 հազար դրամ արժողությամբ։

Անավարտ վարույթներով, նույն հաշվետու ժամանակահատվածում, վերականգնվել է ևս 16 միլիարդ 94 միլիոն 601 հազար դրամի վնաս։ Ընդհանուր առմամբ, 2025 թվականի առաջին կիսամյակում ավարտված և ընթացքի մեջ գտնվող քրեական վարույթների շրջանակում վերականգնվել է 20 միլիարդ 467 միլիոն 276 հազար դրամ։