ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի գլխավորած պատվիրակությունը Չեռնոգորիայում ուսումնասիրել է այդ երկրի առաջընթացը ԵՄ անդամակցության գործընթացում, օրենսդրության համապատասխանեցումը ԵՄ չափանիշներին և այդ փորձի կիրառման հնարավորությունները Հայաստանում:
Հայկական կողմը ներկայացվել է «Եվրոպական Միությանը ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքը, որը ներկայացնում է Հայաստանի քաղաքացիների եվրոպական ձգտումները։
Պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Չեռնոգորիայի՝ ԵՄ անդամակցության հարցերով գլխավոր բանակցող Պրեդրագ Զենովիչի և գործընթացում ներգրավված առանցքային կառույցների ներկայացուցիչների հետ, որոնց թվում եղել են Ներքին գործերի նախարարության պետական նախարար Պետար Կոպրիվիցան, Արդարադատության նախարարության միջազգային համագործակցության և միջազգային իրավական օգնության տնօրինության գլխավոր տնօրեն Բլագոյ Գլեդովիչը, Արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Պերիշա Կաստրատովիչը, Չեռնոգորիայի խորհրդարանի եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահ Իվան Վուկովիչը և Պանեվրոպական միության նախագահ Գորդանա Ջուրովիչը:
Հանդիպումների ընթացքում հայկական կողմը ներկայացրել է Հայաստան-ԵՄ հարաբերությունների համատեքստում ձեռք բերված առաջընթացը, ինչպես նաև Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրով նախատեսված ոլորտներում ԵՄ օրենսդրությանն ու չափանիշներին համահունչ փոփոխությունների ուղղությամբ տարվող աշխատանքները։ Քննարկվել է նաև Հայաստան-ԵՄ Գործընկերության նոր օրակարգը:
Հանդիպումներում անդրադարձ է արվել նաև մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացում Չեռնոգորիայի կողմից իրականացված բարեփոխումներին ու ընդունված քաղաքականությանը։
Վահան Կոստանյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է նաև Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական հարցերով փոխվարչապետ Ֆիլիպ Իվանովիչի, փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Էրվին Իբրահիմովիչի, ինչպես նաև Եվրոպական գործերի նախարար Մայդա Գորչևիչի հետ հանդիպումների։
Հաշվի առնելով Չեռնոգորիայի զգալի փորձառությունն ու հաջող ընթացքը ԵՄ անդամակցության բանակցություններում՝ կողմերը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը՝ ուղղված ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացմանը՝ հիմնվելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի վրա։
Մարտի 26-ին Հայաստանի Ազգային ժողովը երկրորդ և վերջնական ընթերցմամբ հավանություն է տվել ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրինագծին։ Հայաստանի կառավարությունը հունվարի 9-ին հավանություն էր տվել Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին նախագծին, որը ներկայացրել էր «Եվրաքվե» քաղաքացիական նախաձեռնությունը։ Սակայն ԵՄ-ն դեռևս պաշտոնական հրավեր չի ուղղել Հայաստանին՝ անդամակցության վերաբերյալ, իսկ ընդդիմադիր ուժերը փաստաթուղթը անվանել են իրավական առումով անհեթեթ։ ՀՀ նախագահը ստորագրել է օրենքը։






