ՔԿ–ից $590,000 հափշտակումը կազմակերպելու մեջ մեղադրվող ՔԿ տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության պետի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Գոռ Թադևոսյանի նկատմամբ տնային կալանք է կիրառվել։ Այդ մասին հայտնել է նրա պաշտպան Արշակ Ղազարյանը, գրում է Factor.am-ը։
Էդգար Գրիգորյանի պաշտպան Աշոտ Ապրեսյանը հայտնել է, որ դատարանը նրա նկատմամբ կիրառել է կալանավորում՝ 3 ամիս ժամկետով։
Քրեական գործը փոխանցվել է դատարան հուլիսի 7-ին և մակագրվել է դատավոր Տաթևիկ Մուրադյանին։
Ըստ մեղադրական եզրակացության՝ Էդգար Գրիգորյանը և Գոռ Թադևոսյանը նախապես համաձայնության են հասել գումարը գաղտնի հափշտակելու և այն հավասարաչափ բաժանելու վերաբերյալ։ Այդ նպատակով Գոռ Թադևոսյանը Էդգար Գրիգորյանին հանձնել է քննիչ Սուրեն Հակոբյանի աշխատասենյակի դռան ու չհրկիզվող պահարանի բանալիները, ինչպես նաև վարչության շենք մուտք գործելու անցաքարտ՝ պատկանող քննիչ Արկադի Աղաջանյանին։
Էդգար Գրիգորյանը պատրաստել է այդ բանալիների կրկնօրինակները և օգտագործել դրանք 2025 թվականի մայիսի 20-ին՝ մոտավորապես ժամը 16:40-ին, ապօրինաբար մուտք գործելով Երևանի Դեղատան փողոցում գտնվող Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգության քննության գլխավոր վարչության շենքը։ Գիշերային ժամին նա բացել է վեցերորդ հարկում տեղակայված քննիչ Սուրեն Հակոբյանի թիվ 617 աշխատասենյակի դուռը և պահարանը, որտեղից վերցրել է քրեական վարույթի շրջանակում առգրավված և իրեղեն ապացույց հանդիսացող՝ առանձնապես խոշոր չափերի՝ 227,185,400 ՀՀ դրամին համարժեք՝ 590,000 ԱՄՆ դոլար գումարը։
Հաջորդ օրը՝ մայիսի 21-ին, մոտավորապես ժամը 08:20-ին, նա գումարը պայուսակներով դուրս է տարել շենքից։ Այնուհետև, հանդիպելով ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության քննիչ Սահակ Պետրոսյանին, վերջինի հարցին ի պատասխան՝ Էդգար Գրիգորյանը կատարած հանցանքն անխոչընդոտ ավարտին հասցնելու և բացահայտումից խուսափելու նպատակով, հայտնել է, որ ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության պետերից Գոռ Թադևոսյանն իր ընկերն է, որից հետո, քննիչը նշված հանգամանքը պարզելու նպատակով զանգահարել է Գոռ Թադևոսյանին։ Գոռ Թադևոսյանը խմբի կողմից՝ նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով` գումարի գաղտնի հափշտակությունն ավարտին հասցնելու նպատակով քննիչին հայտնել է, որ տվյալ անձն իր ընկերոջ եղբայր Արթուրն է, որից հետո Էդգար Գրիգորյանը անխոչընդոտ հեռացել է դեպքի վայրից և Գոռ Թադևոսյանի հետ նախնական համաձայնությամբ հափշտակել 590,000 ԱՄՆ դոլար գումարը։
Երկուսն էլ ընդունել են իրենց մեղքը։
Քրեական վարույթի շրջանակում իրավապահները հայտնաբերել են հափշտակված գումարի զգալի մասը՝ Էդգար Գրիգորյանի մոտ, սակայն մոտ 11 հազար դոլարը մնացել է անհայտ։ Թադևոսյանի պաշտպան Արշակ Ղազարյանը Factor TV-ին տեղեկացրել է, որ «գումարի պակասող մասը Թադևոսյանը վերականգնել է»։






