AM
25 Հուլիս 2025 - 14:31 AMT

Ֆրանսիայի դեսպանը Գեղարքունիքում մասնակցել է Սևանի սամմիթին, իրականացվող ծրագրերին, կով կթել

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին Գեղարքունիքի մարզ այցի շրջանակում մասնակցել է «Սևան Ստարտափ Սամմիթ 2025»-ին, ծանոթացել ֆրանսիական կողմի աջակցությամբ մի շարք բնակավայրերում իրականացվող ծրագրերին, նույնիսկ կով կթել։ Այցի ամբողջ ընթացքի մասին նա գրառումներ է արել X-ի իր միկրոբլոգում։

«50 երկիր, 250 ստարտափ, 15,000 մասնակից։ Եզակի միջոցառում տարածաշրջանում։ Հայաստանում ազատությունն ու նորարարությունը անբաժան են»,–գրել է նա «Սևան Ստարտափ Սամմիթ 2025»-ի մասին։

«Այց Գեղարքունիքի մարզի Ծաղկունք գյուղի դիսպանսեր, որը վերանորոգվել է «Բժշկական օգնություն և զարգացում» ֆրանսիական ՀԿ-ի կողմից՝ Գրենոբլ քաղաքի և Գեղարքունիքի մարզպետարանի աջակցությամբ։ Ֆրանսիայի և Հայաստանի միջև ապակենտրոնացված համագործակցությունը տարածվում է ողջ երկրով մեկ»,–ասվում է մեկ այլ գրառման մեջ։

Խաչաղբյուր համայնք կատարած այցի մասին գրառումը նվիրված է «հայ միգրանտներին, որոնք կամավոր վերադարձի օգնություն են ստանում Ֆրանսիայի ներգաղթի և ինտեգրման գրասենյակից»։

Դըկոտինյին Խաչաղբյուրում մասնակցել է նաև կով կթելուն։

«Ծանոթացա կով կթելու տեխնիկային տիկին Գալստյանի և նրա կովի՝ Սոնայի հետ, որը ձեռք է բերվել Ֆրանսիայի ներգաղթի և ինտեգրման գրասենյակի (OFII) աջակցությամբ՝ սատարելու նրա (տիկին Գալստյանի-խմբ.) հայրենիք վերադարձը»,-ասվում է գրառման մեջ։