Միջազգային իրավունքի մասնագետ Սիրանուշ Սահակյանը վստահեցրել է, որ ՀՀ-ն իրավասու չէ արբիտրի կայացրած որոշումը չեզոքացնել ներպետական դատական գործընթացով։ Անդրադառնալով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության շուրջ ընթացող զարգացումներին՝ նա ընդգծել է, որ արբիտրաժային դատարանները հանդիսանում են վեճերի լուծման թույլատրելի, արդյունավետ ու միջազգային իրավունքի կողմից ընդունված այլընտրանքային հարթակներ, որոնք իրենց էությամբ մոտ են ազգային դատարաններին, հայտնում է Sputnik Արմենիան։
Հուլիսի 23-ին գործարար Սամվել Կարապետյանի պաշտպանական թիմը տեղեկացրել է, որ նրա ընտանիքն արբիտրաժային հրատապ գործով հաղթել է ՀՀ կառավարության դեմ։ Ի պատասխան՝ գործադիր մարմինը արձագանքել է միջազգային դատարանի վճռին՝ շեշտելով, որ բոլոր սուբյեկտները պետք է առաջնորդվեն ինչպես ՀՀ օրենսդրությամբ, այնպես էլ միջազգային պայմանագրերով, որոնք սահմանում են արբիտրաժային ակտերի ճանաչման ու կիրարկման կանոնները։
«Կան բազմաթիվ գործեր, երբ, օրինակ, նույն արբիտրաժային դատարանների իրավասություններին առնչվող խնդիրներում պետությունները միջամտություն են ցուցաբերում, ինչն անխուսափելիորեն հանգեցնում է մարդու իրավունքների խախտումների։ Վեճի լուծման մեխանիզմները շատ կարևոր են, որոնց իրավասությունների ընդունումը, ճանաչումը կարգավորված է միջազգային պայմանագրերով, ուստի այնքան էլ հեշտ չէ անտեսել արբիտրաժների կողմից կայացրած դատական ակտերը», – մանրամասնել է Սահակյանը։
Նա անդրադարձել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի այն հայտարարությանը, ըստ որի՝ Կարապետյանի ընտանիքը կարող է Հայաստանի ներպետական դատարանների միջոցով ստիպել պետությանը ճանաչել արբիտրի որոշումը և հասնել դրա կիրարկմանը։ Սահակյանը նշել է, որ այդ մոտեցությունը «իր մեջ քողարկված պլան ունի»։
«Պետությունը, չցանկանալով կատարել որոշումը, փորձ է անում ներպետական դատարանների գործունեության միջոցով չեզոքացնել արբիտրի կողմից կայացված որոշումը, ինչը անթույլատրելի է և հանգեցնելու է նոր միջազգային պայմանագրային պարտավորությունների խախտումների։
Եթե ուսումնասիրենք Ստոկհոլմի առևտրային պալատի կանոնները, ապա կտեսնենք, որ ուղիղ կերպով մատնանշված է, որ այն կողմերը, որոնք համաձայնություն են տվել վեճը լուծել Ստոկհոլմի առևտրային պալատի կանոնների հիման վրա, պարտավորվել են գործել արբիտրի որոշումներին համաձայն, այդ թվում՝ արտակարգ արբիտրի որոշումներին համաձայն։ Եվ կա 9.1 կետ, որով արտակարգ արբիտրի կողմից կայացված ցանկացած որոշում պարտադիր է կողմերի համար, և կայացման պահից կողմերն ունեն ուղիղ պարտականություն` առանց ուշացումների կատարել դրանք։ Ներպետական համակարգերում գործող օտարերկրյա արբիտրաժային վճիռների ճանաչման և կատարման մեխանիզմներին առնչվող դրույթները չեն ազատում պետությանը, որին հասցեագրված է այդ որոշումը», – ընդգծեց Սահակյանը։
Փաստաբանը նաև նախազգուշացրել է, որ եթե պետությունը չկատարի միջազգային դատարանի որոշումը, ապա հնարավոր է ոչ միայն վնասների փոխհատուցման նոր պահանջների ի հայտ գալ, այլև պետական ակտիվների սառեցում այլ երկրներում։ Սահակյանը շեշտել է, որ նման վարույթները նախադեպեր ունեն Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։ Նա ընդգծել է նաև, որ Ստոկհոլմի դատարանի որոշումը, թեև միջանկյալ բնույթ է կրում, ենթակա է պարտադիր կատարման։
«Այո, այս փուլում դատարանը քննության է առել հրատապ հարցեր՝ անդառնալի հետևանքներից խուսափելու նպատակով, վեճի հիմնական քննությունը դեռևս ընթացքի մեջ է։ Նշեմ, որ այն կողմը, որը կփորձի չկատարել հրատապ արբիտրի որոշումը, ամբողջովին կորցնելու է իր վստահությունը դատական արբիտրաժային գործընթացում, ինչը բացասական հետևանքներ է առաջացնելու նաև հնարավոր ելքի տեսանկյունից», – պարզաբանել է փաստաբանը։
Սահակյանը հավելել է նաև, որ հայցի ապահովման միջոցների շրջանակում կարող են կայացվել թե՛ որոշումներ, թե՛ վճիռներ՝ կախված դրանց բնույթից և ընդունման ձևաչափից։
«Այս պարագայում հրատապ արբիտրը ընդունել է ակտ վճռի տեսքով։ Թեև այն միջանկյալ հայցի է վերաբերում, այնուամենայնիվ, արբիտրը ընդունել է վճիռ», – եզրափակեց Սիրանուշ Սահակյանը։
Հուլիսի 3-ին ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ հաստատել է «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում փոփոխությունների ու լրացումների փաթեթը, որը ներառում է ՀԷՑ-ի պետականացման նախագիծը։
Մինչ այդ՝ հունիսի 18-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, գործարար Սամվել Կարապետյանի կալանավորումից ժամեր առաջ, հայտարարել է, որ եկել է պահը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը ազգայնացնելու։ Նա նաև հայտարարել է, որ ՀԷՑ-ի պետության հետ չհամագործակցող աշխատակիցները կազատվեն աշխատանքից։ Հունիսի 24-ին Փաշինյանը նշել է, որ պետականացման պլանը պատրաստ է։
Հուլիսի 18-ին հայտնի է դարձել, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը՝ ելնելով կառավարության հաղորդումից, վարույթ է նախաձեռնել ՀԷՑ-ի նկատմամբ և ընկերության ժամանակավոր կառավարիչ է նշանակել պետական վերահսկողության ծառայության նախկին ղեկավար Ռոմանոս Պետրոսյանին։
Ընկերությունը Սամվել Կարապետյանն ձեռք է բերել 2016 թվականին նախկին իշխանության հորդորով և ներդրել է հարյուր միլիոնավոր դոլարներ՝ համակարգը արդիականացնելու նպատակով։






