Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին, արձագանքելով «Ազատություն» ռադիոկայանի հրապարակմանը այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին, նշել է, որ դա Սյունիքն է, Հայաստանի ինքնիշխան տարածքը։ Այդ մասին նա գրել է X-ի իր միկրոբլոգում։
«Սա Սյունիքն է, պարոն, և դա Հայաստանի ինքնիշխան տարածքն է։ Հասկացեք դա»,–գրել է նա։
«Ազատություն» ռադիոկայանը X սոցիալական հարթակում տարածել է տեսանյութ, որի վերնագիրն է. «Իրանը վախենում է դրանից, Թուրքիան երազում է դրա մասին, ԱՄՆ-ն ուզում է դրա մի մասը. Բարի գալուստ Զանգեզուր»:
Ալիևը միջազգային մեդիաֆորումի ընթացքում, զարգացնելով «Զանգեզուրի միջանցքի» խոսույթը, հայտարարել է, թե «ադրբեջանական բեռները և Ադրբեջանի քաղաքացիները չպետք է հանդիպեն հայկական սահմանապահ ծառայությանը կամ որևէ այլ մեկին», ու հաղորդակցության այդ ուղին ադրբեջանական կողմը դիտարկում է որպես անարգել և անվտանգ կապ Ադրբեջանի տարածքների միջև։ Այդ հարցն, ըստ նրա, արծարծվել է նաև Աբու Դաբիում ՀՀ վարչապետի հետ կայացած հանդիպմանը։ Նաև հավելել է, որ իրենց տարածքում չեն լինի «օպերատոր, տարածքի վարձակալություն կամ վարձույթ»։
Վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը, մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարությունները, ընդգծել է, որ ՀՀ–ն երբևէ որևէ մեկի հետ չի քննարկել, չի քննարկում և չի քննարկելու «Ադրբեջանի նախագահի նշած անվանաբանությունը և դրանից բխող տրամաբանությունը»։ Նա նշել է նաև, որ որ «Ալիևի այն հայտարարությունը, թե ադրբեջանցիները չպետք է հանդիպեն ՀՀ սահմանապահի, դուրս է տեղի ունեցած քննարկումների տրամաբանությունից»։






