AM
26 Հուլիս 2025 - 08:28 AMT

Բագրատ սրբազանը զրպարտության հիմքով ևս 4 հայց է ներկայացրել, այդ թվում՝ Արայիկ Հարությունյանի դեմ

«Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի ներկայացուցիչ փաստաբան Հովհաննես Խուդոյանը հայտնել է, որ արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանի վիրավորանքի և զրպարտության հիմքով ներկայացվել է ևս 4 դատական հայց։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Վիրավորանքի/զրպարտության դեմ ևս 4 հայց ներկայացվեց ընդդեմ Պետրոս Ղազարյանի, Դավիթ Խուդաթյանի, Արայիկ Հարությունյանի, Հասմիկ Հակոբյանի»,–ասվում է գրառման մեջ։

Գալստանյանը դատական հայց է ներկայացրել Պետական վերահսկողության ծառայության նախկին պետ, այժմ ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի և ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության Արսեն Թորոսյանի դեմ։ Գալստանյանը դատարանից պահանջում է նրանցից յուրաքանչյուրից բռնագանձել 3 մլն դրամ որպես ոչ նյութական վնասի հատուցում, որից 1 մլն դրամը՝ զրպարտության, 2 մլն դրամը՝ վիրավորանքի համար:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Գալստանյանը դատական հայց է ներկայացրել առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի, ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի, ինչպես նաև մի քանի այլ հանրային գործիչների դեմ։ Նա Ալեքսանյանից պահանջում է 6 միլիոն դրամ փոխհատուցում, իսկ Անահիտ Ավանեսյանից, «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանից, նույն կուսակցության ավագանու անդամ Անի Խաչատրյանից, ԱԺ նախկին պատգամավոր Ստյոպա Սաֆարյանից և քաղաքագետ Հարություն Մկրտչյանից՝ 3-ական միլիոն դրամ։

Անահիտ Ավանեսյանը հայտնել է Բագրատ Գալստանյանի դեմ միասնական հայց ներկայացնելու մասին։