AM
26 Հուլիս 2025 - 08:45 AMT

«Հանրապետությունն» առաջարկում է Լենինգրադյան փողոցն անվանափոխել Քըրք Քըրքորյանի անունով

«Հանրապետություն» կուսակցությունն առաջարկում է Լենինգրադյան փողոցն անվանափոխել բարերար, ՀՀ ազգային հերոս Քըրք Քըրքորյանի անունով։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Երևանի ավագանու համանուն խմբակցության անդամ Անի Խաչատրյանը։

«Երևանի Լենինգրադյան փողոցի անվանափոխման հարցը տարիներ շարունակ քննարկվում է։ Այսօր «Հանրապետություն» խմբակցությունը նախաձեռնել է այն անվանափոխել մեծ հայի, մեծ բարերարի, ՀՀ Ազգային հերոս Քըրք Քըրքորյանի անունով։

Քըրք Քըրքորյանը իր ամբողջ կյանքի ընթացքում անչափ շռայլ ու հետևողական բարեգործական գործունեություն է ծավալել՝ օգնելով իր պատմական հայրենիքին՝ Հայաստանին։

Քանի որ այս փողոցը տարիներ շարունակ եղել է քննարկումների կենտրոնում և իր դիրքով ու նշանակությամբ բացառիկ տեղ ունի Երևանում, մենք որոշել ենք՝ բացի «Ակտիվ քաղաքացի» հարթակում անցկացվող հանրային քննարկումից, հանդիպել նաև փողոցի բնակիչներին։ Անհրաժեշտության դեպքում հանդես կգանք ասուլիսով՝ ներկայացնելով նախաձեռնության մանրամասները և պատասխանելով բոլոր հարցերին։

Ժամանակն է, որ Երևանը հպարտությամբ կրի նաև Քըրք Քըրքորյանի անունը»,–ասվում է գրառման մեջ։