AM
26 Հուլիս 2025 - 09:12 AMT

Ավինյան․ Երևանը դարձել է ժամանակակից, թվային և բնակիչների կարիքներին արագ արձագանքող քաղաք

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Տելեգրամի իր ալիքում հայտնել է, որ քաղաքային կառավարումը վերջին տարիներին էական զարգացում է արձանագրել՝ փոխակերպելով Երևանը «թվային, ժամանակակից և բնակիչների կարիքներին արագ արձագանքող քաղաքի»։

«2021-ին քաղաքապետարանի միջանցքներում դեռ պտտվում էին փաստաթղթերով լցված սայլակներ։ Իսկ այսօր Երևանը դարձել է ժամանակակից, թվային և բնակիչների կարիքներին արագ արձագանքող քաղաք։

Ինչպե՞ս ենք մենք դա անում․

  • Ստեղծել ենք «Ակտիվ Քաղաքացի» հարթակը՝ մասնակցային կառավարման նոր գործիք, որն ապահովում է թափանցիկություն ու հաշվետվողականություն։
  • Գործարկել ենք Էլեկտրոնային ծառայությունների միասնական հարթակը․ այստեղ քաղաքացուն հասանելի են իր պարտքերի, թույլտվությունների և նամակագրության բոլոր տվյալները՝ մեկ տեղում», գրել է նա։

Ավինյանի խոսքով՝ այսօր արդեն քաղաքապետարանի 12 վարչություններ իրենց գործունեությունը համադրում են GIS տեխնոլոգիաներով, որոնք կիրառվում են հետևյալ ոլորտներում՝

  • Աղբահանության համակարգի մոնիթորինգ,
  • Քաղաքաշինական պլանավորում՝ 3D մոդելների միջոցով,
  • Տրանսպորտային երթուղիների օպտիմալացում,
  • Կանաչ տարածքների խելացի ոռոգման համակարգեր։

Քաղաքապետը նաև նշել է, որ այս բարեփոխումներն իրականացվել են ընդամենը կես տարվա ընթացքում և միջազգային գնահատանքի են արժանացել։

«Մեր այս աշխատանքը, որն իրականացրել ենք մոտ 6 ամսում, միջազգային գնահատանքի արժանացավ․ 2025-ին Երևանը, GEOVIBE-ի հետ միասին, ստացավ SAG մրցանակը՝ Esri համաշխարհային GIS համաժողովում»։

Նրա խոսքով՝ թվայնացման հաջորդ փուլում նախատեսվում է Երևանի թվային երկվորյակի ստեղծում, որը համադրելու է օդային, գետնային և ստորգետնյա շերտերի տվյալները։ Սա թույլ կտա վերլուծել իրական սցենարներ և ընդունել ավելի հիմնավորված որոշումներ։

«Մեր տեսլականը․ Երևանը պետք է լինի ոչ միայն գեղեցիկ, այլ նաև՝

  • Թվային,
  • Ճկուն,
  • Տվյալահենք,
  • Բաց նորարարների ու ստեղծարարների համար»,–գրել է քաղաքապետը։