«Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ԱԱԾ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից հրապարակված նամակում անդրադարձել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի կողմից պատրաստվող խմբային հայցին։
Հայցը վերաբերում է Բագրատ Գալստանյանի մասնակցությամբ ՔԿ-ի հրապարակած ձայնագրության մեջ օգտագործված «խոր անասուն ազգ» արտահայտությանը։
Իր նամակում Գալստանյանը նշում է, որ տեղեկությունը ստացել է իր փաստաբան Խուդոյանի միջոցով, հայտնում է Factor.am-ը։
«Զավեշտի թագուհին… Փաստաբանիցս՝ պարոն Խուդոյանից տեղեկացա, որ տեղեկատվական ահաբեկչությամբ զբաղվող խմբի ոչ այնքան կարկառուն, բայց կարկառուն դառնալու հավակնություններ և ձգտումներ դրսևորող անդամներից առողջապահության դեռևս «նախարար» Անահիտ Ավանեսյանը ինչ որ դատական գործընթաց է սկսում իմ դեմ «ժողովրդին վիրավորելու» պատրվակով։ Բարձրաձայն ծիծաղում եմ…։
Նախ՝ տիկին Ավանեսյանին խորհուրդ կտայի իր «ողբացյալ» նախորդի՝ Ա.Թ.-ի հետ պարզել վերջապես COVID-ի գործն ու՞ր հասավ…
Սակայն գրությանս պատճառը սա չէր։ Պարզապես ցանկանում եմ խորհուրդ տալ, եթե կուզեք պահանջել, որ տիկին Ավանեսյանը ժամանակ գտնի և ընթերցի (ՖԲ ստատուսներից բացի նաև ինչ-որ լուրջ բան կարդա) իմ հեղինակած «Հայաստանի առողջապահական համակարգը. անցյալը, ներկան և հեռանկարները (կենսաբարոյաբժշկական և աստվածաբանական հայացք)» գիրքը։ Եթե չկարողանա այն գտնել, ապա վստահաբար կարող է ձեռքբերել Մոնրեալի Concordia համալսարանի գրադարանից Google-ի միջոցով։ The healthcare system of Armenia : past, present and perspectives (biomedical, ethical and theological view): Գուցե մի փոքր օգուտ կքաղեք ոլորտը վերջնականապես կործանելուց առաջ։ Իսկ, որ դատվելու եք՝ դա անխուսափելի է, քանզի Հաղթանակն այլընտրանք չունի…»,–գրել է նա։
«Ժողովրդի հասցեին անպարկեշտ արտահայտությունների մասով մենք ևս վիրավորած ենք զգում. ինձ նման հազարավոր մարդիկ կան, որ վիրավորված են զգում»,- անդրադառնալով Բագրատ Գալստանյանի դեմ խմբային հայցին՝ ասել էր Ավանեսյանը։






