ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ «Россия сегодня»-ն և «Radio Liberty»-ն զբաղված են միևնույն կեղծ թեզերի տարածմամբ»։
Բադալյանը նշել է, որ այսպիսի՝ երբեմնի անհավանական թվացող համաժամանակյա հրապարակումները, ինչպես ըստ վերնագրերի, այնպես էլ բովանդակությամբ և նույնիսկ նույնական լուսանկարներով, չեն կարող դիտարկվել որպես սովորական զուգադիպություն։
«Ֆանտաստիկա՞.
Այս՝ ժամանակին անհավանական ու ֆանտաստիկայի ժանրից թվացող սինխրոնությունն ակնհայտ երևում է «Россия сегодня»-ի և «Radio Liberty»-ի կողմից գրեթե միաժամանակ հրապարակված նյութերի ոչ միայն վերնագրերից ու բովանդակությունից, այլև նույնիսկ դրանց ուղեկցող լուսանկարների նույնական կոլաժներից։ Սա դժվար է համարել սովորական պատահականություն։
Ապատեղեկատվություն.
Նման հրապարակումներում արտացոլված «տեղեկություններն» իրականության հետ որևէ աղերս չունեն և մեր կողմից գնահատվում են որպես ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ հիբրիդային պատերազմի մաս։
«Սյունիք».
«Ազատություն» ռադիոկայանը երեկ գերազանցեց ինքն իրեն՝ մոռանալով աշխարհագրության նվազագույն գիտելիքները և Հայաստանի Հանրապետության տարածքում փնտրելով գոյություն չունեցող տարածք, գոյություն չունեցող անվանումներ։ Հիշեցնենք, որ ՀՀ-ում կա տարածք՝ «Սյունիք» անվանումով մարզ, դրանից տարբերվող տեղանունների կիրառումը կասկածի տակ է դնում ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը։
Պատահականությու՞ն.
Պատահականություն դժվար է որակել նաև այն, որ նմանատիպ նյութերը երբեմն հրապարակվում են՝ առանց նախապես պատշաճ ճշտելու դրանց բովանդակության վերաբերյալ ՀՀ ԱԳՆ-ի դիրքորոշումը: Նույն օրը ռադիոկայանի կայքէջում հրապարակված մեկ այլ նյութում նշվում է «արտգործնախարարության խոսնակն այսօր անհասանելի էր» պնդում այն պարագայում, երբ խոսնակը բառացիորեն նույն վայրկյաններին անմիջական կապի մեջ է ԶԼՄ համապատասխան հրապարակումը համակարգողի հետ՝ ներկայացնելով Սյունիքի վերաբերյալ հրապարակման կապակցությամբ պաշտոնական դժգոհությունն ու նյութի հեռացման պահանջը։
Ի վերջո պրոֆեսիոնալիզմի և բարեխիղճ լրագրության պակա՞ս, թե՞ սովորական մանիպուլյացիա.
Հետևորդներին և այս գրառումն ընթերցողներին թողնում ենք սեփական ընտրության հնարավորություն, թեև մեզ համար պատասխանը պարզ է՝ բոլորը միասին։
Հ. Գ. Գուցե գրառումը հեռացնելու փոխարեն արժի դրա ազդեցության ու հետևանքների մասին մտածել նախապես»,–ասվում է գրառման մեջ։
«Ազատություն» ռադիոկայանը X սոցիալական հարթակում տարածել է տեսանյութ, որի վերնագիրն է. «Իրանը վախենում է դրանից, Թուրքիան երազում է դրա մասին, ԱՄՆ-ն ուզում է դրա մի մասը. Բարի գալուստ Զանգեզուր»:
Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին, արձագանքելով «Ազատություն» ռադիոկայանի հրապարակմանը այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին, նշել է, որ դա Սյունիքն է, Հայաստանի ինքնիշխան տարածքը։«Սա Սյունիքն է, պարոն, և դա Հայաստանի ինքնիշխան տարածքն է։ Հասկացեք դա»,–գրել է նա։






