«Պատիվ ունեմ« խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ իշխանություններն «Արցախը հանձնելն ու ադրբեջանական ճանաչելը դրել են մի կողմ, փորձում են ներարցախյան բախումներ հրահրել»։
Նա նշել է, որ իշխանությունները սպառնալիքներով և ուժի կիրառման շանտաժով, թեև, վիժեցրեցին արցախցիների հավաք-ակցիաները, սակայն դրանից իրավիճակը չփոխվեց:
«Կառավարության սոցիալական քաղաքականությունն արցախցիների վերաբերյալ բավական ծանր իրավիճակ է ստեղծել այն ընտանիքների համար, ովքեր տան հարց չեն լուծել ու եթե նույնիսկ աշխատանք ունեն, ապա դրա եկամուտները թույլ չեն տալիս վարձ մուծել և նվազագույն կենցաղային խնդիրներ հոգալ:
Նույնիսկ այն մարդիկ, ովքեր փորձում են բնակարանային սերտիֆիկատ ստանալ, երկար սպասում են քաղաքացիություն ստանալու պրոցեսին, իսկ այդ ընթացքն ուղեկցվում է սոցիալական սաստիկ խնդիրներով:
Սոցիալական աջակցության ծավալի կրճատումից բացի խիստ սահմանափակ խմբեր են օգտվում պետական աջակցությունից:
Այս տարիների ընթացքում, պետական մակարդակով քարոզչություն է տարվել, որ մեծ թվով արցախցիները ՀՀ-ում տուն են գնել, բիզնես դրել կամ Արցախում արտոնյալ վարկերից օգտվել` փորձելով արդարացնել կառավարության անմարդկային սոցիալական քաղաքականությունը:
Ինչ խոսք, մարդ կա չարաշահումներից է օգտվել, մարդ կա տուն ունի կամ որոշակի գումարային «զապաս», բայց դա իրականում Արցախից բռնի տեղահանված մարդկանց քիչ տոկոսն է կազմում:
Երկրորդ, ով հանցանք է գործել` թալանի կամ այլ տեսքով, պետք է դրա համար իրավական պատասխանատվություն կրի, սակայն այդ ամենը չպետք է «ջարդվի» բոլորի վրա:
Երրորդ, Արցախը հանձնելն ու դա ադրբեջանական ճանաչելը դրել են մի կողմ, փորձում են ներարցախյան բախումներ հրահրել, հայաստանցի-արցախցի արհեստական պառակտումներ մտցնել, մարդկանց իրար դեմ հանել:
Իշխանությունը շարժվում է` չկա մարդ, չկա խնդիր սկզբունքով և մարդկանց արտագաղթի է մղում»,–ասվում է գրառման մեջ։
Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում ե Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։






