AM
28 Հուլիս 2025 - 06:29 AMT

Մայր աթոռում տեղի է ունեցել կաթողիկոսական դամբարանի և մոմավառության աղոթասրահի բացումը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնի օրը՝ հուլիսի 27-ին, տեղի է ունեցել կաթողիկոսական դամբարանի և մոմավառության աղոթասրահի բացման հանդիսավոր արարողությունը՝ նախագահությամբ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ի։

«Այս կառույցը, արդարև, սոսկ քարեղեն շինվածք չէ, այն աղոթքի տուն է, հավատացյալների ապավինության վայր»,–ասել է կաթողիկոսը։

Նախագիծը կյանքի է կոչվել ազգային բարերարներ՝ լուսահոգի Գառնիկ Յակուբյանի և տիկին Անահիտ Չաթալպաշյան-Յակուբյանի աջակցությամբ։ Ճարտարապետական աշխատանքներն իրականացրել են Ասլան Մխիթարյանն ու Հայկ Մկրտչյանը, իսկ շինարարությունն իրագործվել է «Հորիզոն 95» ՍՊԸ-ի կողմից։

Միջոցառմանը ներկա են գտնվել թեմակալ առաջնորդներ ինչպես Հայաստանից, այնպես էլ Սփյուռքից, Մայր Աթոռում ծառայող եպիսկոպոսներ և միաբաններ, բարերար տիկին Անահիտ Չաթալպաշյան-Յակուբյանը, Յակուբյանների ընտանիքի անդամներն ու հարազատները, ինչպես նաև ուխտավոր հայորդիներ՝ ժամանած թե՛ Հայաստանից, թե՛ Սփյուռքից։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցած բացման արարողությունն սկսել է Հայրապետի հանդիսավոր թափորով։ Վեհափառ Հայրապետի հետ միասին մասնակցել են Կանադայի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աբգար եպիսկոպոս Հովակիմյանն ու Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը։

Արարողության ընթացքում, շարականների ու սաղմոսների ուղեկցությամբ, ջրով և գինով լվացվել են աղոթասրահի երկու մատուռների Սուրբ Սեղանները։ Այնուհետև աղոթքներ են ընթերցվել, որից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսը Սրբալույս մյուռոնով օծել է սեղանները՝ մատուռները անվանակոչելով Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների անուններով։ Նշանավոր այս պահին մատուռներում տեղադրվել են նաև առաքյալների մասունքներ։

Միջոցառման ավարտին կատարվել է հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ բարերար լուսահոգի Գառնիկ Յակուբյանի և Յակուբյան ու Չաթալպաշյան ընտանիքների հանգուցյալ անդամների։ Արարողության ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդես է եկել հայրական խոսքով։

«Հայրապետների շիրիմների ամփոփման համար պանթեոն կառուցելու այսպիսի նախաձեռնություն ծրագրվել էր տակավին 1955 թ.՝ Վազգեն Ա երջանկահիշտակ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրոք։ Մեզ համար մեծ ուրախություն եղավ, որ նախապես տեղյակ չլինելով այս նախաձեռնությանը՝ Մենք նույնպես մտահղացումը ունեցանք Կաթողիկոսական դամբարան հաստատելու Սուրբ Էջմիածնում, որն այսօր արդեն հոյաշեն կերպով իրագործված՝ հավատավոր մեր ժողովրդի համար ծառայելու է նաև որպես մոմավառության աղոթասրահ։

Փառք ենք տալիս Ամենակալ Աստծուն, որ մեծանուն բարերար տիար Գառնիկ Յակուբյանի և իր ազնիվ կողակցի՝ տիկին Անահիտի հովանավորությամբ կյանքի կոչվեց այս ձեռնարկումը։ Կաթողիկոսական դամբարանը, սիրելիներ, ամփոփավայրն է լինելու մեր Սուրբ Եկեղեցու ննջեցյալ Հովվապետերի, որոնց կյանքը եղել է ամբողջանվիրում Աստծուն, ազգին ու հայրենիքին։ Դամբարանը գալիք սերունդներին յուրովի հիշեցնելու է Ամենայն Հայոց կաթողիկոսների հոգեխնամ առաքելության մասին, որով բարեզարդվել ու ծաղկել է համայն մեր ժողովրդի ազգային և եկեղեցական անդաստանը։ Մեր Սուրբ Եկեղեցու երջանկահիշատակ Ամենայն Հայոց Կաթողիկոսների ծառայությունը լի է եղել զոհողությամբ, Քրիստոսապատգամ սիրո, արդարության և ճշմարտության քարոզչությամբ, բայց նաև հայրական հորդորով ու քաջալերությամբ՝ ապրելու և արարելու առ Աստված հավատով հանուն ազգի ու հայրենյաց», – ասել է Վեհափառ Հայարապետը՝ շարունակելով.

Նա նշել է, որ այսօր, երբ տարբեր կեղծ գաղափարներ խաթարել են մեր արժեհամակարգը և աղճատել հոգևոր ընկալումները, նման սրբատեղիները՝ իրենց հոգևոր ու ծիսական նշանակությամբ, դառնում են հավատքի ամրապնդման, հոգու փրկության և աստվածահաճո կյանքի խթանման օջախներ։

«Այս կառույցը, արդարև, սոսկ քարեղեն շինվածք չէ, այն աղոթքի տուն է, հավատացյալների ապավինության վայր՝ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների մատուռներով, որտեղ պաշտամունքային արարողություններ են մատուցվելու, և հավատացյալներն իրենց սրտառուչ հայցն ու աղոթքն են վերառաքելու Տիրոջը։ Այսպիսի օրհնյալ վայրում հավատացյալի հետ հանդիպում են ժամանակն ու հավերժությունը, երկնավորն ու երկրավորը, քանզի հոգուց բխած աղոթքները երկինք են հասնում և աստվածային օրհնությունն են հեղում Փրկչին հուսացողների սրտերին», – նշել է Հայոց Հովվապետը։

Միջոցառման ավարտից հետո մասնակիցները մասնակցել են Մայր Տաճարում մատուցված Սուրբ և անմահ Պատարագին՝ նվիրված Պայծառակերպության տոնին։