AM
28 Հուլիս 2025 - 07:01 AMT

Եզրաս սրբազան․ Վտանգաշատ, ավերիչ ու խավարամիտ ուժերը վխտում են մեր շուրջը

Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը Քրիստոսի Պայծառակերպության տոնի առթիվ իր խոսքում ասել է, որ «վտանգաշատ, ավերիչ ու խավարամիտ ուժերը վխտում են մեր շուրջը, սակայն ինչպես առաքյալն է ասում. «Ամեն տեսակ նեղություն ունենք, բայց ընկճված չենք»։

Նա նշել է, որ «այսօր ամենքս գլխահակ ու մտահոգ, հայաթափված Արցախով, ավերված սրբություններով կանգնած ենք կործանարար ցնցումների ու արհավիրքների առջև», գրում է Aysor.am-ը։

«Վտանգաշատ, ավերիչ ու խավարամիտ ուժերը վխտում են մեր շուրջը, որոնք կարծեցյալ լույսի ներքո մեզ գլորում են դեպի մահաբեր խավարը, ապօրինություններ կատարում մեր Սրբություն Սրբոց Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի, ազգընտիր Ամենայն Հայոց Հայրապետի ու հոգևորականների նկատմամբ, թշնամանք ու ատելություն սերմանում, բռնության կոչեր անում: Այս հարձակումների հորձանուտում են հայտնվել մեր հոգևոր եղբայրներ Միքայել և Բագրատ սրբազանները, ազգային մեծանուն բարերար Սամվել Կարապետյանը և մի շարք նվիրյալ հայորդիներ:

Սա անընդունելի և անհանդուրժելի է, քանի որ հղի է մեր ազգի համար անդառնալի հետևանքներով։ Պատմությունը հուշում է, որ խավարամիտ ուժերը հաճախ են մեզ հալածել, մոլորեցրել, սակայն ինչպես առաքյալն է ասում. «Ամեն տեսակ նեղություն ունենք, բայց ընկճված չենք, տագնապի ենք մատնված, բայց հուսահատ չենք, հալածանքներն անպակաս են, բայց լքված չենք, հաճախ խոշտանգված, բայց խորտակված չենք»,- նշել է Եզրաս Սրբազանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասուլիսի ընթացքում, պատասխանելով այն հարցին, թե ինչպես է ազատելու Վեհարանը՝ Փաշինյանն ասել է, որ «Վեհարանն ազատելու են այնպես, ինչպես 2018-ին Հայաստանն ազատեցին Սերժ Սարգսյանից»։ Ավելի ուշ նա հորդորել է պատրաստվել «Մեծ հոգևոր հանդիպման Էջմիածնի կենտրոնական հրապարակում»։

Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է Մայր Աթոռում իր պատկերացրած փոփոխությունների սցենարը՝ «ազատել Վեհարանը» կաթողիկոսից, որևէ ամունացյալ բարեվարք քահանա նշանակել Կաթողիկոսական տեղապահ, ով չի կարող հավակնել Կաթողիկոսի գահին։ Որպես հաջորդ քայլ, ըստ նրա, կաթողիկոսական նոր ընտրություններ տեղի չեն ունենում, քանի դեռ «Կանոնագիրք հայոցի» հիման վրա չի հաստատվում ՀԱԵ Կանոնագիրք։