Հայաստանի Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը հաստատել է, որ Սամվել Կարապետյանի փաստաբանները Ստոկհոլմի Առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտից (SCC Arbitration Institute) պահանջել են վերջինիս ազատ արձակումը նախաքննական կալանքից: Այդ մասին տեղեկանում ենք գրասենյակից, տեղեկացնում է ՍիվիլՆեթը։
Հայցվորները արբիտրաժին խնդրել էին պարտավորեցնել Հայաստանին ազատ արձակել Սամվել Կարապետյանին՝ կալանքը փոխարինելով քրեական օրենսդրությամբ նախատեսված մեղմ միջոցներով (օրինակ՝ գրավով կամ չհեռանալու պարտավորությամբ), և ձեռնպահ մնալ կրկին կալանավորելուց։
Կարապետյանի պաշտպանական խումբը Ստոկհոլմի արբիտրաժին դիմել էր նաև հայցով՝ «հրաժարվել Տաշիր խմբին պատկանող որևէ կազմակերպության, ներառյալ՝ «Տաշիր Կապիտալ», ՀԷՑ և «Տաշիր Պիցցա» ընկերությունների ղեկավարության կամ աշխատակիցների, քրեական հետապնդումից կամ նրանց այլ ձևերով սպառնալուց կամ հետապնդելուց, ինչպես նաև հրաժարվել հետագա խուզարկություններից և առգրավումներից՝ կապված Տաշիր խմբի որևէ շինության հետ, այդ թվում՝ «Տաշիր Կապիտալ»-ի, ՀԷՑ-ի և «Տաշիր Պիցցա»-ի տարածքներում, ինչպես նաև դրանց ղեկավարների և աշխատակիցների բնակության կամ աշխատանքային վայրերում»:
Այս երկու պահանջները, ինչպես նշված է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակի պատասխանում, մերժվել են Ստոկհոլմի արբիտրաժի՝ հուլիսի 22-ին կայացրած վճռով։ Արբիտրաժը, սակայն, բավարարել է հայցվորների պահանջների երրորդ խումբը՝ Հայաստանի Հանրապետությանը պարտավորեցնելով դադարեցնել ՀԷՑ-ի պետականացման հետ կապված գործողությունները՝ արգելելով կառավարման փոփոխությունները, լիցենզիաների չեղարկումը կամ գույքի առգրավումը։
Կարապետյանների և Liormand Holdings-ի իրավաբանական թիմը հուլիսի 11-ին դիմել է Ստոկհոլմի արբիտրաժ՝ հղում անելով Կիպրոսի և Հայաստանի միջև 1995 թվականին ստորագրված ներդրումների պաշտպանության պայմանագրին։ Արբիտրաժը հայցն ընդունել է և հուլիսի 22-ին ընդունել է շտապ միջանկյալ որոշում, որով արգելել է ՀԷՑ-ի պետականացման գործընթացը։ Համաձայն դրա՝ կողմերը պարտավորվում են 30 օրվա ընթացքում սկսել հիմնական գործընթացը, իսկ 90 օրվա ընթացքում ձևավորել մշտական տրիբունալ։
Սամվել Կարապետյանի կալանավորումը տեղի է ունեցել անմիջապես այն բանից հետո, երբ հունիսի 17-ին նա հանդես է եկել հրապարակային հայտարարությամբ՝ սատարելով Հայ առաքելական եկեղեցուն, ինչին հաջորդել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումները, ինչպես նաև իրավապահների գործողությունները՝ ուղղված Կարապետյանների և նրանց բիզնես կառույցների դեմ։
2020 թվականի օգոստոսին հիմնադրված Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության շահերը միջազգային դատական վեճերում՝ այդ թվում ներդրումային արբիտրաժներում։






