AM
28 Հուլիս 2025 - 07:34 AMT

ՌԴ հայերը Վարդավառին աջակցություն են հայտնել ՀԱԵ–ին՝ «ձեռքերդ հեռու Սուրբ Էջմիածնից»

Տիրոջ Պայծառակերպության՝ Վարդավառի տոնին, Մոսկվայի հայ երիտասարդները հանդես են եկել աջակցությամբ՝ ուղղված Հայ Առաքելական եկեղեցուն և Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին։ Այս մասին հայտնել է Մոսկվայի հայկական եկեղեցու տելեգրամյան ալիքը։

ՀՀ իշխանությունների` եկեղեցու դեմ արշավին արձագանքել են «Ձեռքերդ հեռու Սուրբ Էջմիածնից» վանկարկումներով, գրում է Sputnik Արմենիան։

Նրանք իրենց մասնակցությունն են ունեցել տոնական միջոցառումներին՝ վարդավառի ավանդույթին համընթաց ջրախաղերով և ուրախ երաժշտության ուղեկցությամբ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասուլիսի ընթացքում, պատասխանելով այն հարցին, թե ինչպես է ազատելու Վեհարանը՝ Փաշինյանն ասել է, որ «Վեհարանն ազատելու են այնպես, ինչպես 2018-ին Հայաստանն ազատեցին Սերժ Սարգսյանից»։ Ավելի ուշ նա հորդորել է պատրաստվել «Մեծ հոգևոր հանդիպման Էջմիածնի կենտրոնական հրապարակում»։

Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է Մայր Աթոռում իր պատկերացրած փոփոխությունների սցենարը՝ «ազատել Վեհարանը» կաթողիկոսից, որևէ ամունացյալ բարեվարք քահանա նշանակել Կաթողիկոսական տեղապահ, ով չի կարող հավակնել Կաթողիկոսի գահին։ Որպես հաջորդ քայլ, ըստ նրա, կաթողիկոսական նոր ընտրություններ տեղի չեն ունենում, քանի դեռ «Կանոնագիրք հայոցի» հիման վրա չի հաստատվում ՀԱԵ Կանոնագիրք։