AM
28 Հուլիս 2025 - 07:40 AMT

Նախագիծ․ Ծանուցումները տպագիր մամուլում հրապարակելու պարտադիր պահանջը կհանվի

Արդարադատության նախարարությունը նախաձեռնել է իրավական փոփոխություն, որով նախատեսվում է վերացնել որոշակի տպաքանակ ունեցող մամուլում ծանուցումներ պարտադիր հրապարակելու պահանջը՝ այն փոխարինելով տեղեկատվության տեղադրմամբ հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում։ Նախագիծը ներկայացված է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում։

Այս պահին գործում են մի շարք օրենսդրական ակտեր, որոնք սահմանել են պահանջ՝ որոշ տեղեկություններ հրապարակել միայն որոշակի տպաքանակ ունեցող թերթերում։

Նախարարության գնահատմամբ՝ նախկինում այս պահանջը արդարացված է եղել, քանի որ տպագիր մամուլը համարվել է հանրությանը տեղեկություններ փոխանցելու հիմնական միջոցը, գրում է «Հետքը»։

Այդ դրույթները ստեղծված են եղել՝ ապահովելու համար, որ հանրության լայն շրջանակներ տեղեկացված լինեն՝ իրականացված հրապարակումների միջոցով։ Սակայն ներկայում, ըստ նախարարության, նման պահանջը կորցրել է իր արդիականությունն այն պատճառով, որ տպագիր մամուլը կորցրել է իր նախկին տարածումն ու ազդեցությունը։ Բացի այդ, նախագծի հիմնավորման համաձայն՝ տպագիր մամուլում տեղեկատվության հրապարակման գործընթացը հանգեցրել է զգալի ֆինանսական ծախսերի։

«Այս ամենը հանգեցնում է հանրության լայն շրջանակների համար տեղեկատվության փաստացի հասանելիության սահմանափակման և լրացուցիչ ծախսերի: Հետևաբար, տպագիր մամուլի հրապարակումները ներկայումս չեն կարող համարվել արդյունավետ կամ հասանելի ձև տեղեկատվության տարածման համար։

Ավելին, «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» օրենքի 3-րդ հոդվածը սահմանում է, որ օրենքով կամ նորմատիվ իրավական այլ ակտով սահմանված այն դեպքերում, երբ նախատեսվում է հրապարակային ծանուցում` տեղեկատվությունը մամուլում հրապարակելու միջոցով, հրապարակային ծանուցումը պետք է տեղադրվի նաև կայքում: Այսինքն, ցանկացած դեպքում հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում՝ azdarar.am-ում տեղեկատվության հրապարակումը պարտադիր է: Այս պայմաններում լիովին բացակայում է տպագիր մամուլում հրապարակային ծանուցման անհրաժեշտությունը:

Իրավական տեղեկատվության կենտրոնացումն ու միասնականացումն azdarar.am պաշտոնական էլեկտրոնային հարթակում կնպաստի նաև իրավական գործընթացների թվայնացմանը և պարզեցմանը»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ։