Հուլիսի 28-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես հեպատիտների դեմ պայքարի համաշխարհային օր։ Այս տարի այն անցկացվում է «Հեպատիտ. Եկեք վերլուծենք այն» խորագրի ներքո, հայտնում է Հայաստանի ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը։
Վիրուսային հեպատիտները պատկանում են վարակիչ հիվանդությունների խմբին, որոնց դեպքում ախտահարվում են լյարդի բջիջները։ Այս հիվանդությունները կարող են դրսևորվել թե՛ սուր, թե՛ քրոնիկ ընթացքով։ Տարբերակվում են հեպատիտի մի քանի տեսակներ՝ Ա-ից Ե, սակայն ինչպես միջազգային մասշտաբով, այնպես էլ Հայաստանի պայմաններում հիմնական առողջապահական մարտահրավերը մնում են հեպատիտներ Բ-ն և Ց-ն։
Բ-ն ու Ց-ն գրեթե նույն փոխանցման մեխանիզմներն ունեն։ Դրանք կարող են փոխանցվել՝
. մորից նորածնին,
. սեռական հարաբերության ընթացքում,
. բժշկական գործիքների, ներարկիչների կամ ասեղների բազմակի օգտագործման և ոչ բավարար ախտազերծման պարագայում,
. չստուգված արյան կամ դրա բաղադրիչների փոխներարկման հետևանքով,
. թմրամիջոցների ներարկային օգտագործման ժամանակ՝ ընդհանուր պարագաներով։
Հեպատիտների դեմ պայքարի օրվա շրջանակում ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը Երևանում, Գյումրիում և Վանաձորում կազմակերպել է անվճար և անանուն հետազոտություններ՝ նպաստելու վաղ հայտնաբերմանը և կանխարգելմանը։






