«Աերոֆլոտ» ավիաընկերությունն տեղեկացրել է Մոսկվայից և Մոսկվա 49 չվերթի չեղարկման մասին՝ տեղեկատվական համակարգերի խափանման պատճառով։
Մասնավորապես, դադարեցվել են թռիչքները դեպի Աստրախան, Գրոզնի, Եկատերինբուրգ, Երևան, Կազան, Կալինինգրադ, Կրասնոյարսկ, Մախաչկալա, Միներալնիե Վոդի, Մինսկ և մի շարք այլ ուղղություններով, հայտնում է ՏԱՍՍ–ը։
«Չեղարկված չվերթների ուղևորները կարող են դիմել Շերեմետևո օդանավակայանի ուղեբեռի ստացման սրահ՝ նախապես գրանցված ուղեբեռը վերցնելու նպատակով։ Խնդրում ենք ձեզ լքել Շերեմետևոյի տարածքը՝ ուղևորների կուտակումներից խուսափելու համար», — նշել են ավիաընկերությունում։
«Աերոֆլոտում» ընդգծել են, որ չեղարկված չվերթների ուղևորներին հասանելի է գումարի վերադարձ կամ տոմսերի վերաբաշխում առաջիկա տասը օրվա ընթացքում։
«Խնդրում ենք նկատի ունենալ՝ օդանավակայանի տոմսարկղերը ժամանակավորապես չեն իրականացնում վերադարձ և վերամշակում։ Գնված տոմսերի վերադարձը կամ վերամշակումը պետք է կատարել գնման վայրում», — նշել են ընկերությունից։
Ավելի վաղ ընկերությունն արդեն հայտնել էր տեղեկատվական համակարգերի խափանման մասին, ինչը կարող է հանգեցնել թվային ծառայությունների աշխատանքի խափանումների, ինչպես նաև՝ ժամանակացույցի հարկադիր փոփոխությունների՝ ներառյալ չվերթների տեղափոխում կամ չեղարկում։






