Գյումրու համայնքապետարանը հանդես է եկել պարզաբանմամբ՝ արձագանքելով համացանցում տարածված տեսանյութին, որում քաղաքի կենտրոնում գործող շատրվանները գործել են «Դոլյա վորովսկայա» երգի ուղեկցությամբ՝ նշելով, որ դա եղել է «տեխնիկական խոտանի հետևանք»։
«Այսօր համացանցում տարածված տեսանյութի հետ կապված, որտեղ Գյումրու կենտրոնում գործող շատրվանները «պարում» էին ռուսական՝ «Դոլյա Վորովսկայա» երգի տակ, Գյումրու քաղաքապետարանը պարզաբանում է, որ տեղի ունեցածը տեխնիկական խոտանի հետևանք է։
Մասնագետին չի հաջողվել վերահսկել հնչող երաժշտությունը՝ համակարգում առաջացած տեխնիկական խնդիրների պատճառով։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում հնարավոր է եղել շտկել առաջացած խնդիրը, իսկ շահագործումը ապահովող պատասխանատուի նկատմամբ` համապատասխան բացատրագիր ստանալուց հետո, անհրաժեշտության դեպքում կկիրառվի կարգապահական տույժի միջոց։ Հայցում ենք ներողություն գյումրեցիներից՝ առաջացած անհարմարության համար»,–ասվում է հայտարարության մեջ։
Դեպքին արձագանքել են մի շարք պաշտոնյաներ, այդ թվում վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Вор должен сидеть в тюрьме, а не фонтанами баловаться» (Գողը պետք է բանտում նստի, ոչ թե շատրվաններով ուրախանա),–գրել է վարչապետը։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը գրել է, որ Գյումրիի քաղաքային իշխանությունը «օդից» շատրվան է ստացել և հիմա չգիտի դրա հետ ոնց վարվի ու ժողովրդական «չի տեսել պատից կախ, տեսել է ճակտից կախ» վիճակում է հայտնվել:






