AM
28 Հուլիս 2025 - 09:22 AMT

Ավինյան․ Փաստացի սկսում ենք տուգանել պոտենցիալ խախտողներին

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը հայտնել է, որ փոփոխություն է կատարվել 2024 թվականի 13-90 որոշման մեջ, համաձայն որի՝ հասարակական տրանսպորտում վերահսկողության լիազորությունները հանձնվել են Հասարակական կարգի պահպանության ծառայությանը։

Փոխքաղաքապետը վստահեցրել է, որ առկա ծրագրային խափանումները հարթվել են և ընթացիկ շաբաթվա ավարտին բոլոր աշխատանքները կավարտվեն, գրում է Panorama.am-ը։

Նա նաև նշել է, որ քաղաքապետարանի համապատասխան ծառայությունների աշխատակիցների համար կանցկացվեն վերապատրաստման դասընթացներ, որոնց միջոցով նրանք կծանոթանան վերահսկողության իրականացման ընթացակարգերին։ Դրանից հետո նրանք կսկսեն տրանսպորտում ուղեվարձ չվճարող քաղաքացիների նկատմամբ տուգանքների կիրառում։

«Այսինքն այս շաբաթ մենք սկսում ենք վերապատրաստումը և փաստացի սկսում ենք տուգանել պոտենցիալ խախտողներին»,- արձագանքել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Այո»,- պատասխանել է փոխքաղաքապետը։

Ավելի վաղ Ավինյանը հանձնարարել էր դադարեցնել ուղետոմսերում QR կոդերի թղթային ձևաչափի օգտագործումը։ Նա ասել էր, որ օգոստոսի 1-ից սկսած՝ QR կոդերը թղթային տարբերակով այլևս չպետք է գործեն։

Ավելի վաղ Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանն ասել էր, որ Երևանում տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ բողոքի ակցիաների արդյունքում թերհավաքագրումներ են եղել, ինչի հետևանքով հնարավոր չէ գնել նախատեսված շարժակազմի մեծ մասը։ Նրա խոսքով՝ նախատեսված էր գնել 45 տրոլեյբուսներ, որոնցից 30-ը հնարավոր չի լինի գնել, քանի որ գումար չկա։