Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը լրագրողների հետ զրույցում տարակուսանք է հայտնել այն հարցերի վերաբերյալ, որոնք իրեն են ուղղվում քաղաքում շատրվանների տարածքում հնչած «Դոլյա վորովսկայա» երգի առնչությամբ։
Նրա խոսքով՝ քաղաքապետը նման հարցերի հետ որևէ առնչություն չունի, գրում է Aysor.am-ը։
«Ես անցնում եմ էդ հատվածով, գիշեր ու ցերեկ այնքան հաճելի դասական երաժշտություն է դրված։ Հավանական է՝ գիտեին, որ իմ պաշտոնավարման 100 օրն է, պետք է ասուլիս տամ, դիտավորյալ արեցին։ Երրորդ համաշխարհային պատերազմի առաջ ենք կանգնած, իրենք ընկել են՝ «Доля воровская», չգիտեմ՝ ինչ բաներ։ Քաղաքապետն էդ հարցերի հետ ընդհանրապես կապ չունի։ Ես էդ կյանքի հետ ընդհանրապես կապ չունեմ»,-ասել է Ղուկասյանը։
Նա չի բացառել նաև դիտավորությունը։
«Պատկերացրեք՝ դիտավորյալ արեցին, հիմա հաքերները ինչ ասես կարան անեն, կարող են ադրբեջանական երաժշտություն էլ դնել։ Հիմա տեխնիկան այնպես է, որ ամեն ինչ կարող են անել։ Ես հիմա ցույց տամ՝ իմ գլխին ինչ են սարքել (ցույց է տալիս արհեստական բանականությամբ ստեղծված հումորային տեսանյութ,- խմբ)»,–ասել է նա, գրում է Radar Armenia-ն։
Նա հավելել է, թե բան ու գործ չունեն, ընկել են սենց բաների հետևից։
Ավելի վաղ Գյումրու համայնքապետարանը հանդես է եկել պարզաբանմամբ՝ արձագանքելով համացանցում տարածված տեսանյութին, որում քաղաքի կենտրոնում գործող շատրվանները գործել են «Դոլյա վորովսկայա» երգի ուղեկցությամբ՝ նշելով, որ դա եղել է «տեխնիկական խոտանի հետևանք», մասնագետին չի հաջողվել վերահսկել հնչող երաժշտությունը՝ համակարգում առաջացած տեխնիկական խնդիրների պատճառով։
Դեպքին արձագանքել են մի շարք պաշտոնյաներ, այդ թվում վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Вор должен сидеть в тюрьме, а не фонтанами баловаться» (Գողը պետք է բանտում նստի, ոչ թե շատրվաններով ուրախանա),–գրել է վարչապետը։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը գրել է, որ Գյումրիի քաղաքային իշխանությունը «օդից» շատրվան է ստացել և հիմա չգիտի դրա հետ ոնց վարվի ու ժողովրդական «չի տեսել պատից կախ, տեսել է ճակտից կախ» վիճակում է հայտնվել:






