AM
28 Հուլիս 2025 - 11:35 AMT

Օհանյանի, Մինասյանի ու ևս 4 անձի գործով նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրել է, որ ավարտել է պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, բնապահպանության նախկին նախարար Արծվիկ Մինասյանիու ևս չորս անձի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը։

Նշվում է, որ Ս․Օ․-ն, հանդիսանալով հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձ, 2021 թվականին ներկայացված գույքի, եկամուտների, շահերի և ծախսերի վերաբերյալ պաշտոնեական պարտականությունները ստանձնելու և տարեկան հայտարարագրում թաքցրել է հայտարարագրման ենթակա ««Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում առկա Գեղարքունիքի մարզում գտնվող 10526 քմ մակերեսով հողատարածքի և դրանում առկա շինությունների վերաբերյալ տեղեկությունները, որը հանգեցրել է առանձնապես խոշոր չափերով գույքի չհայտարարագրմանը»։

Հետաքննության տվյալներով՝ Սեյրան Օհանյանը 2010–2015 թվականների ընթացքում, առանց օրինական հիմքերի, զբաղեցրել է պետական սեփականություն հանդիսացող հողամասը և իր ենթակայությամբ գործող անձանց միջոցով այդ տարածքում կառուցել է շինություններ՝ առանց կառուցապատման իրավունքի։ Գույքի շուկայական արժեքը գերազանցում է առանձնապես խոշոր չափի շեմը։

Նշվում է, որ շինարարական աշխատանքները կատարվել են շինարարական կազմակերպության կողմից, որը գտնվում էր իրենից ծառայողական կախվածության մեջ գտնվող անձի հետ փոխկապակցվածության մեջ։ Ըստ ՔԿ-ի՝ շուրջ 58 մլն դրամի աշխատանքներ կատարվել են որպես կաշառք, իշխանական լծակներով պայմանավորված գործողությունների դիմաց։

Բացի այդ, ըստ նախաքննության՝ Արծվիկ Մինասյանն իր պաշտոնավարման ընթացքում տեղեկացված լինելով տարածքի զավթման և անօրինական կառուցապատման փաստերի մասին՝ կազմակերպել է ձևական մրցույթներ, որոնց միջոցով փորձ է արվել օրինական տեսք տալ կատարվածին։

Սեյրան Օհանյանը, փորձելով թաքցնել գույքի իրական պատկանելությունը, կազմակերպել է, որ իր վարորդի մորաքրոջ որդու անունով ներկայացվի մրցույթային հայտ՝ նույն հողատարածքը վարձակալելու և կառուցապատման իրավունք ստանալու համար։ Մրցութային հանձնաժողովի որոշ անդամները, խախտելով կարգը, տվել են համաձայնություն՝ 25 տարի ժամկետով։

Նշվում է, որ նաև պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության ծառայողներ են ներգրավվել տարածքի պահպանության գործում, որոնց պետական բյուջեի միջոցներով վճարվել է ավելի քան 13 մլն դրամ աշխատավարձ։

Ըստ ՔԿ հաղորդագրության՝ նշված անձանց գործողությունների հետևանքով խաթարվել են պետական կառույցների բնականոն աշխատանքները, և պետությունը զրկվել է տարածքը նպատակային օգտագործելու հնարավորությունից։

«2025 թվականի հունիսի 9-ին ՀՀ գլխավոր դատախազը քրեական վարույթի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից ներկայացված առաջարկության հիման վրա ՀՀ Ազգային ժողով է ներկայացրել երկու միջնորդագիր՝ ութերորդ գումարման պատգամավորներ Ս.Օ.-ի և Ա.Մ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին, որը 2025 թվականի հուլիսի 7-ին Ազգային ժողովում քվեարկության արդյունքում արժանացել է համաձայնության»։

Քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով Սեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրվել՝ կաշառք ստանալու, գույք թաքցնելու, փողերի լվացման, պաշտոնեական դիրքի չարաշահման և կեղծ հայտարարագրի համար։ Արծվիկ Մինասյանին մեղադրանք է ներկայացվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։ Մյուս 4 անձինք ևս մեղադրվում են համապատասխան հոդվածներով, այդ թվում՝ կաշառք տալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքի օրինականացմանն օժանդակելու համար։

6 անձի վերաբերյալ քրեական վարույթի մասն անջատվել և մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ

Ծանուցում. մեղադրյալը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։