AM
28 Հուլիս 2025 - 11:56 AMT

Լուվրից Հայաստան կբերվեն նշանակալի ցուցանմուշներ

2025 թվականի սեպտեմբերին Հայաստանի պատմության թանգարանում Լուվրի թանգարանի հետ համատեղ ցուցադրություն կբացվի՝ կբերվեն Լուվրի հավաքածուից ավելի քան մեկ տասնյակ նշանակալի նմուշներ՝ անվտանգության կանոնների խիստ պահպանմամբ։ Այդ մասին ասվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյիի հանդիպմանը։

«Այս համագործակցությունը դիտարկում ենք ոչ միայն որպես մշակութային կարևոր իրադարձություն, այլև որպես մեր թանգարանների կարողությունների զարգացման և մասնագիտական հզորացման գործուն միջոց»,– նշել է Անդրեասյանը՝ հավելելով, որ վերջին տարիներին Հայաստանի թանգարանները զգալի աշխատանք են իրականացրել միջազգային ցուցադրություններ կազմակերպելու ուղղությամբ։

Ըստ նախարարության հաղորդագրության՝ Անդրեասյանը ողջունել է դեսպանին և շնորհակալություն հայտնել շարունակական և արդյունավետ համագործակցության համար՝ ընդգծելով Հայաստանի ու Ֆրանսիայի միջև ձևավորված բարեկամական ու ամուր կապերը։ Նա վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու խորացնել երկկողմ փոխգործակցությունը կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության և սպորտի ոլորտներում։

Նախարարը կարևորել է ֆրանսերենի դասավանդման խթանմանը միտված ծրագիրը՝ «Ֆրանսերենը որպես օտար լեզու․ վերապատրաստում, արդիականացում և խթանում», որի շրջանակում վերապատրաստվել է մոտ 240 ուսուցիչ։ Նա անդրադարձել է նաև Բարբիզոնի մշակութային կենտրոնում կազմակերպված «Հայկական իմպրեսիոնիզմի գույներն ու լույսերը» ցուցահանդեսին, որտեղ ներկայացվել են Հայաստանի ազգային պատկերասրահի բարձրարժեք աշխատանքներ։

Դեսպան Օլիվիե Դըկոտինյին իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և համագործակցությանը ցուցաբերվող հետևողական աջակցության համար։ Նա ընդգծել է, որ Հայաստանի ու Ֆրանսիայի միջև ձևավորված է վստահության վրա հիմնված արդյունավետ գործընկերություն՝ ընդգծելով նոր նախաձեռնությունների իրականացման և համագործակցության խորացման կարևորությունը։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև ՀՖՀՀ-ի և Անատոլ Ֆրանսի անվան ֆրանսիական կրթահամալիրի գործունեությանը, ինչպես նաև հանրակրթական դպրոցներում ֆրանսերենի՝ որպես օտար լեզվի դասավանդման զարգացմանը վերաբերող հարցեր։