«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը դատական հայց է ներկայացրել Կոտայքի մարզի Աբովյան համայնքի դեմ։
Հայցադիմումով Ծառուկյանը պահանջում է անվավեր ճանաչել Աբովյան համայնքի 27․05․2025 թվականի որոշումը։ Թե ինչ որոշման մասին է խոսքը, Ծառուկյանի փաստաբանը չմեկնաբանեց՝ պատճառաբանելով, որ լիազորված չէ, հայտնում է Factor.am-ը։
Համայնքապետարանի կայքում, սակայն, առկա է Ծառուկյանի վերաբերյալ որոշումը։
Ըստ այդ որոշման՝ Ծառուկյանը 100,000 դրամի չափով տուգանվել է հողամասը ոչ նպատակային նշանակությամբ օգտագործելու համար (Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին մասով) ու ևս 100,000 դրամի չափով՝ գյուղական բնակավայրում սեփականության իրավունք ունեցող անձի կողմից առանց թույլտվության շինարարության թուլտվություն պահանջող շինարարական աշխատանքներ իրականացնելու համար (Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասով)։
Ըստ որոշման՝ Գագիկ Ծառուկյանը պարտավոր է որոշումն իրեն հանձնելու օրվանից 15-օրյա ժամկետում նշանակված տուգանքի գումարը մուծել Աբովյանի համայնքապետարանի հաշվեհամարին և վճարման անդորրագիրը ներկայացնել Աբովյան համայնքի ղեկավարին առընթեր վարչական հանձնաժողով:
Որոշումը կարող է բողոքարկվել կամ վարչական կարգով Աբովյան համայնքի ղեկավարին՝ այն սահմանված կարգով հանձնելու (հանձնված համարվելու) օրվանից հետո՝ երեսուն օրվա ընթացքում կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով սահմանված դատական կարգով՝ վարչական ակտի ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում։ Ծառուկյանը, փաստորեն, բողոքարկել է որոշումը։
Վարչական գործը մակագրվել է դատավոր Անի Չիլինգարյանին
Աբովյանի ներկայիս համայնքապետը Էդուարդ Բաբայանն է, որը նախկինում Ծառուկյանի թիկնազորի պետն էր։ Ծառուկյանին տուգանելու որոշումը ստորագրված է նրա կողմից։






