ՀՀ վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել փոխել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի խափանման միջոցը՝ տնային կալանքի փոխարեն կիրառելով վարչական հսկողություն, հայտնում է Sputnik Արմենիան։
«Հաշվի առնելով այն հանգամանքը , որ 6 տարի է Հովիկ Աբրահամյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրված երկրից չբացակայելու արգելքը, արդյունքում դատարանը ազատության սահմանափակումը վերացրեց և որոշեց սահմանել վարչական վերահսկողություն»,– ասել է նրա պաշտպան Երեմ Սարգսյանը։
Պաշտպանը ընդգծել է, որ սկզբում դատարան է ներկայացվել բողոք՝ պահանջելով ամբողջությամբ վերացնել խափանման միջոցը:
Սարգսյանը նաև նշել է, որ վերաքննիչ ատյանի որոշումը չեն պատրաստվում բողոքարկել՝ հղում անելով ժամանակի սղությանը։ Նրա փոխանցմամբ, Հակակոռուպցիոն կոմիտեն արդեն հայտարարել է, որ նախաքննությունն ավարտված է, և դատավարության փուլում կվերադառնան խափանման միջոցի հարցի քննարկմանը։
Հովիկ Աբրահամյանը ձերբակալվել էր հունիսի 13-ին, իսկ հաջորդ օրը նրա նկատմամբ կիրառվել է տնային կալանք։ Նա ենթարկվել է հանրային քրեական հետապնդման՝ իր պաշտոնեական դիրքի չարաշահման, ինչպես նաև ենթադրյալ հանցավոր ծագում ունեցող գույքի՝ հողամասերի օրինականացման մեղադրանքներով։






