Երկու ամսով կալանավորված գործարար Սամվել Կարապետյանի շահերը ներկայացնող փաստաբանները դիմել են ՀՀ Գլխավոր դատախազին և Դատախազությանը՝ պահանջելով նրա նկատմամբ ընթացող գործի դադարեցում: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է պաշտպանական խմբի անդամ Արամ Վարդևանյանը։
Նա ընդգծել է, որ նույնիսկ ամենամեծ «ցանկության» դեպքում հնարավոր չէ շարունակել այս աբսուրդային քրեական գործը»։
«Ակնհայտ է, որ նման տևական, անհիմն և ապօրինի կալանքը Սամվել Կարապետյանի նկատմամբ ենթակա է վերացման Դատախազի կողմից: Անհրաժեշտ է նշել նախորդող շաբաթվա ընթացքում տեղի են ունեցել կոնկրետ վարույթային գործողություններ հենց պաշտպանական խմբի կողմից նախաձեռնված, որոնց արդյունքներն առավել քան հստակ են: Դրանց արդյունքում նույնիսկ ամենամեծ «ցանկության» դեպքում հնարավոր չէ շարունակել այս աբսուրդային քրեական գործը:
Ի դեպ ուշագրավ է, որ վերջին օրերին որոշ անձանց կողմից նկատվում է «ձև չունեք» արտահայտության օգտագործումը: Պարզ վարժությամբ կարելի է արձանագրել, կամ նշվածը ևս հանդիսանում է քրեական օրենսգրքի տիրույթում արարք-կոչ, ի թիվս այլի «իշխանությունը պահելը, մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունները չարաշահելը», կամ երկու դեպքում էլ գործում է խոսքի ազատության ընդհանուր կանոնները:
Ուշագրավ է, որ մի դեպքում խոսքն ուղղված էր Մայր Աթոռը պաշտպանելուն, մասնակցելուն, իսկ մյուս դեպքում Արբիտրաժի որոշման կատարելուց խուսափելուն»,–ասվում է գրառման մեջ։
Երկու ամսով կալանավորված գործարար, բարերարՍամվել Կարապետյանը և նրա ընտանիքը հաղթել են ՀՀ կառավարության դեմ նախաձեռնած ՀԷՑ-ը պետականացնելու արբիտրաժային հրատապ գործը։
2025 թվականի հուլիսի 22-ին Ստոկհոլմի առևտրային պալատի հրատապ արբիտրաժը որոշում է կայացրել՝ պարտավորեցնելով ՀՀ-ին չկիրառել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ վերջերս ընդունված «էներգետիկայի մասին» և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքներով սահմանված դրույթները, ինչպես նաև դադարեցնել ՀԷՑ-ի հնարավոր բռնագրավման հետագա քայլերը։
ՀՀ կառավարությունն արձագանքել է ՀԷՑ–ի հարցով Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի հուլիսի 22-ի վճռին։ Նշվում է, որ «վեճի շրջանակն այլ է, քան ժամանակավոր կառավարիչ նշանակելու որոշման նպատակները»։ Նշվում է, որ հարգելով վճիռը, միևնույն ժամանակ բոլորը պարտավոր են առաջնորդվել նաև ՀՀ օրենսդրությամբ։






