AM
28 Հուլիս 2025 - 14:31 AMT

ԱՆ․ Վերջին 4 տարում հեպատիտ C ունեցողների 95%-ը բուժվել է

Հայաստանում 2020 թ.–ի դեկտեմբերից մինչև 2025 թ.–ի հունվար ամիսը բուժում է ստացել հեպատիտ C ունեցող 3300 անձ, որոնց 95 տոկոսը բուժվել է։ Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱՆ դեղորայքային քաղաքականության և բժշկական տեխնոլոգիաների վարչության պետ Մարինե Հարությունյանը։

Նա վստահեցրել է, որ ժամանակին հայտնաբերված, ճիշտ դեղերի կիրառման դեպքում կարելի է գրանցել հիվանդության 95 տոկոս բուժում, իսկ ուշ հայտնաբերված դեպքերում՝ մինչև 75 տոկոս, գրում է Sputnik Արմենիան։

«Հեպատիտ B-ի պատվաստանյութերի տրամադրման արդյունքում` այս պահին արձանագրում ենք, որ մինչև 18 տարեկան երեխաների մոտ հեպատիտ B-ի դեպքեր չեն գրանցվում»,–ասել է նա։

ԱՆ ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը Հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օրվա կապակցությամբ Երևանում ու մի շարք մարզերում նախաձեռնել է մի շարք միջոցառումներ, այդ թվում` անվճար ստուգում ու կոնսուլտացիա։ Երևանում ՄԻԱՎ-ի, հեպատիտի, ՁԻԱՀ-ի և սիֆիլիսի շարժական ախտորոշիչ կետ կբացվի այսօր Ազատության հրապարակում։ Վաղը այն կլինի Գյումրիում, հունիսի 30–ին` Վանաձորում։