Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը դիմել է դատարան՝ պահանջելով վերականգնել իր վարորդական վկայականը։ Նա հայց է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ՈստիկանությանԼ
Առուշանյանը պահանջում է անվավեր ճանաչել ՆԳՆ հաշվառման ծառայությունների մատուցման, թույլտվությունների և լիցենզավորման վարչության այն գործողությունը, որով 2025 թվականի ապրիլի 30-ին իր վարորդական վկայականը ճանաչվել է ուժը կորցրած, և դադարեցվել է մեքենա վարելու իրավունքը, հայտնում է Factor.am-ը։
Առուշանյանի վարորդական վկայականի շուրջ խնդիրը հանրության ուշադրության կենտրոնում է հայտնվել 2025 թվականի մարտի 13-ին, երբ պարեկային ծառայությունը կանգնեցրել է նրան «000 OO 00» համարանիշներով շքեղ ավտոմեքենա վարելիս։ Նա ենթարկվել է սթափության ստուգման, որի արդյունքում պարզվել է, որ եղել է ոչ սթափ վիճակում։
Ավտոմեքենան տեղափոխվել էր պահպանվող հատուկ տարածք։
Մի քանի օր անց՝ վկայականը ճանաչվել է անվավեր։ Ինչպես պարզել էր «Լուրերը», քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ Առուշանյանը փաստացի իրավունք չի ունեցել մեքենա վարելու, քանի որ ժամանակին զորակոչային տարիքում առողջական խնդիրների հիմքով ազատվել է զինվորական ծառայությունից։






