ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի «թիմի նարատիվներն իրենց մեջ նաև Ադրբեջանի քայլերն արդարացնելու միտում ուներ»։
Նա գրել է նաև, որ «Ադրբեջանի հետ ներդաշնակ գործելն այս իշխանության մենաշնորհն է»։
«Ադրբեջանի նախագահի օգնականը հայտարարել է, որ 2023 թվականին Արցախում ապրող հայերն իրենց կամքով են հեռացել:
Թեև ՀՀ իշխանությունը սկզբնական շրջանում երկչոտ հայտարարություններ արեց արցախցիների նկատմամբ էթնիկ զտումների մասին, սակայն հետագայում, ներքաղաքական նկատառումներից ելնելով, քաղաքական-քարոզչական արշավներ իրականացրեց հայաստանյան «դավադիր ուժերի» ուղղությամբ, նրանց մեղադրելով արցախցիներին` իրենց տները լքելու կոչեր անելու մեջ:
Չնայած սա հիմնականում քննարկվեց գործող իշխանության` Արցախի հանձնումն արդարացնելու և պատասխանատվությունից փախչելու տրամաբանության մեջ, սակայն փաշինյանական թիմի նարատիվներն իրենց մեջ նաև Ադրբեջանի քայլերն արդարացնելու միտում ուներ:
Ի վերջո գործող կառավարիչը դեռ 2022-ին Պրահայում Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում` հիմք դնելով Արցախի հանձնմանը, որին հաջորդեց Արցախի բլոկադան ու ադրբեջանական հարձակումը:
Արցախցիները մեծ զոհողությունների գնով 9 ամիս ապրել են էլեկտրաէներգիայի, գազի, ջրի, դեղորայքի ու նույնիսկ հացի խիստ սահմանափակման և ճգնաժամի պայմաններում, հետո տեղի է ունեցել մարտական գործողություններ, ապա ստեղծված խուճապի պայմաններում ՊԲ պահեստում ողբերգական պայթյունը գրանցվեց, որոնք միասին 500-ից ավելի մարդկային կորստի են բերել, մի քանի տասնյակ մարդու ճակատագիր մնացել է անհայտ:
Ադրբեջանի հետ ներդաշնակ գործելն այս իշխանության մենաշնորհն է, որն է պահը չի կորցնում ի շահ Ադրբեջանի աշխատելու»,–ասվում է գրառման մեջ։
Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում ե Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։






