AM
29 Հուլիս 2025 - 07:04 AMT

Նոյեմբերյանի համայնքապետ․ Սահմանազատումից հետո մեզ մոտ ավելի անվտանգ է դարձել

Նոյեմբերյանի համայնքապետ Արսեն Աղաբաբյանն ասել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկից հետո Նոյեմբերյան խոշորացված համայնքի սահմանամերձ գյուղերում իրավիճակն ավելի անվտանգ է։

«Եթե նախկինում մեր համայնքների բնակիչների, ինչպես նաև այստեղով տեղաշարժվողների ուղղությամբ կրակելու հավանականությունը մեծ էր, ապա այժմ իրադրությունը փոխվել է, որովհետև արդեն կա սահմանային գոտի, որը երկուստեք համաձայնության արդյունքում վերահսկվում է սահմանապահների, այլ ոչ թե կանոնավոր բանակային ստորաբաժանումների կողմից։ Մեր տարածքները երբևէ այդքան անվտանգ չեն եղել, ինչպես հիմա»,- ասել է Աղաբաբյանը, գրում է Արմենպրեսը։

Նրա խոսքով՝ համայնքի և հարակից գյուղերի բնակիչների առօրյան դարձել է ավելի աշխույժ։ Այս ակտիվացմանն իր նպաստն են բերել տարբեր մասշտաբային միջոցառումներ, որոնք հաճախ են կազմակերպվում։

«Այս տարի ևս Կողբում, ավանդույթի համաձայն, մեծ ոգևորությամբ նշեցինք Վարդավառի տոնակատարությունը։ Տարեց տարի շատ ավելի մեծ շուքով ու ավելի մեծ քանակի մարդկանցով, թե՛ տեղացիներ, թե՛ հյուրեր, նշում ենք սպասված միջոցառումը։ Վարդավառի տոնը միայն ջրոցին կամ ուրախ տրամադրությունը չեն, դա նաև մարդկանց համախմբելու հիմք է, մեր ինքնության առհավատչյան, մեր ավանդույթներն ու արժեհամակարգը պահպանելու խորհուրդը։ Մենք այնպես ենք համադրում բոլոր այս գործոնները, որ միջոցառումը դառնա խորհրդանշող իրադարձություն։ Ամեն տարի փորձում ենք նոր բան մատուցել ժողովրդին։ Նոյեմբերյան խոշորսցված համայնքը ներառում է 17 գյուղ, ուստի բոլոր բնակավայրերից կազմակերպում ենք բնակիչների մասնակցությունը, ովքեր արդեն ինտեգրվել են գործընթացին»,- նշել է Աղաբաբյանը։

Նա հավելել է, որ երկու տարի առաջ Վարդավառի տոնակատարությանը մոտ 10 հազար մարդ է մասնակցել, իսկ այս տարի արդեն գերազանցել են այդ թիվը։

«Պետական սիմֆոնիկ նվագախմբի ներկայությունը Կողբում արդեն իսկ մեծ իրադարձություն էր՝ ենթադրելով ավելի բարձր մակարդակ։ Թվում է, թե Նոյեմբերյանը բավականին հեռու է մայրաքաղաքից, սակայն այդ հանգամանքը չի խանգարում մեր հայրենակիցներին գալ և ակտիվորեն մասնակցել տոնակատարությանը։ Այն մշակույթը, որն առկա է այստեղ և մենք ամեն օր զարկ ենք տալիս դրա զարգացմանը, միանշանակ վկայում է մեր ինքնության մասին։ Ամեն ինչ անում ենք, որպեսզի խթանենք մշակութային կյանքը։ Բոլորովին վերջերս մեզ մոտ բացվել է արվեստի դպրոցը։ Արդեն իսկ գործում է Կողբի գեղարվեստի դպրոցը։ Սուբվենցիոն ծրագրերով մշակութային տների վերանորոգումն ինքնանպատակ չէ, քանզի առկա է մշակութային ռեսուրսը»,- ընդգծել է համայնքապետը։

Նրա փոխանցմամբ՝ Կողբի մշակույթի կենտրոնում դեռ 2006 թվականին հիմնադրվել է տիկնիկային թատրոն։ Աղաբաբյանի եղբայրը՝ մի խումբ երևանաբնակ կողբեցիների հետ, տարիներ առաջ նվիրաբերել է 23 տիկնիկ՝ մշակույթի տանը։ Շենքի տնօրեն Սասուն Մուրադյանն էլ իր կողմից է պատրաստել տիկնիկներ, որոնք ներկայացնում են Հովհաննես Թումանյանի հեքիաթների կերպարները։ Այս թատրոնն իր ներկայացումներով այցելում է մարզի տարբեր դպրոցներ ու մանկապարտեզներ՝ անվճար ներկայացումներ բեմադրելով։ Կողբն ու Նոյեմբերյանն ունեն նաև խոշոր թատերական սրահներ, որտեղ ներկայացվում են ինչպես հայ, այնպես էլ արտասահմանյան դասական գործեր։

«Միշտ դահլիճները լեփ-լեցուն են հանդիսականներով։ Ասում են, թե իբր ժողովուրդը թատերասեր չէ և չի հաճախում թատրոն, բայց իրականում կարող եք գալ մեզ մոտ և համոզվել հակառակում։ Անհրաժեշտ է ճիշտ մատուցել մշակույթը ժողովրդին և ստեղծել ամուր կապ։ Երբեմն մշակույթի մասին հիշում են միայն այն ժամանակ, երբ դրանով պետք է ազգը ներկայանա աշխարհին: Սակայն դրանք այն արժեքներն են, որոնք պետք է միշտ լինեն առաջնային, գտնվեն ամենօրյա ուշադրության կենտրոնում։ Իմ մասին ասում են, որ «յոթ երգ գիտեմ, յոթն էլ մշակույթի մասին», բայց դրանից միայն ուրախանում եմ, որովհետև փորձում ենք մեր համայնքների կյանքն ամեն օր լուսավոր դարձնել։ Այդ գործում ինձ մեծապես օգնում են տարբեր համայնքների երիտասարդները, ովքեր ներկայանում են հետաքրքիր ծրագրերով ու նախաձեռնություններով, հետևաբար փորձում ենք դրանք կյանքի կոչել»,- ասել է նա։

Աղաբաբյանը վստահեցրել է, որ Նոյեմբերյանի համայնքից դուրս գալու անհրաժեշտությունը նվազել է, քանի որ ստեղծվել են մնալու բոլոր պայմանները։ Կողբում «Կողբ» հիմնադրամի նախաձեռնությամբ գործարկվել է նորարարական թվային ստուդիա, որտեղ հնարավոր է ուսանել լուսանկարչություն, 3D մոդելավորում, աուդիոգրքերի ձայնագրություն և գրաֆիկական դիզայն։ Այստեղ սովորում է մոտ 300 երիտասարդ, որոնցից մի մասը ստուդիայի միջոցով արդեն պատվերներ է ստանում արտասահմանից։

Բացի դրանից՝ Կողբում սկսել է գործել Թումո կենտրոնը, որը ընդգրկել է մոտ 1000 պատանի։

«Մեր տարածաշրջանում հիմնական խնդիրներից մեկը մարդկանց աշխատատեղերով ապահովելն է, ինչը, բնականաբար, կկանխի արտագաղթը։ Նախատեսում ենք Նոյեմբերյանում ստեղծել նաև պատկերասրահ։ Երբ ժամանակին ընկերներիս հետ Կողբի արվեստի շենքում բացեցինք պատկերասրահ, համոզվեցինք, որ տարածքն ուղղակի նեղ է, քանի որ արվեստի գործերն անհամեմատ շատ են։ Մեզ պատրաստվում են այցելել 10 արվեստագետներ՝ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադևոսյանի գլխավորությամբ։ Նրանք մասնակցելու են հերթական գիտաժողովին։ Շուրջ քսան տարի բնության գրկում կազմակերպում ենք նաև պլեներներ, որոնց հաջորդում են ցուցահանդեսները։ Արվեստագետները հաճույքով շփվում են մեր պատանիների՝ ապագա նկարիչների ու քանդակագործների հետ»,- մանրամասնել է համայնքի ղեկավարը։

Նա նշել է, որ գիտաժողովներից ու պլեներներից հետո նկարիչները նվիրաբերում են իրենց գործերից մեկը համայնքին, որի արդյունքում արվեստի նմուշների քանակն արդեն բավականաչափ մեծ է՝ առաջ բերելով նոր պատկերասրահ հիմնելու անհրաժեշտություն՝ մայրաքաղաքային օրինակով։

Խոսելով համայնքի սոցիալ-տնտեսական վիճակից՝ Աղաբաբյանը նշել է, որ Նոյեմբերյանի տարածքը բաժանվում է երկու գոտու։ Դեբեդի հովտում գերակշռում է այգեգործությունը, իսկ վերին հատվածներում՝ անասնապահությունը։

«Մենք ունենք մոտ 160 հեկտար ձիթենու եզակի այգիներ, որոնք կան միայն մեր խոշորացված համայնքում։ Ուզում ենք, որ ձիթենին դառնա մեր բրենդներից մեկը։ Ոռոգման հարցը, ցավոք, միշտ չի հաջողվում լուծել, ինչը կապված է պոչամբարների հետ, որովհետև դրանք բացելուց հետո ոռոգման ջրի մատակարարումները ժամանակավորապես ընդհատվում են։ Այդուհանդերձ մտածում ենք լուծել խնդիրն ու շատացնել ինտենսիվ այգիների քանակը։ Այդ նպատակով Կարմիր գյուղի մոտ պետական միջոցներով կառուցվում է ջրամբար՝ 8-12 միլիոն խ/մ ծավալով։ Եթե ջուրը հասցնենք գյուղացուն, նա այլևս չի ունենա արտագաղթելու ցանկություն և տրամադրություն։ Մենք ընտրել ենք լույսը և գնում ենք այդ ուղղությամբ»,- ընդգծել է նա։

Աղաբաբյանն իր երախտագիտությունն է հայտնել «Կողբ» հիմնադրամին, որի հետ համագործակցությամբ կյանքի են կոչվում բազմաթիվ կարևոր ծրագրեր։ Շուտով նույն հիմնադրամի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ֆինանսավորմամբ նախատեսվում է կառուցել ժամանակակից մարզադպրոց, որը եզակի կլինի ողջ մարզային մակարդակում։ Նախաձեռնությունն արդեն ընթացքի մեջ է, մարզիչներն էլ վերապատրաստման գործընթացում են՝ Երևանում։

«Տարբեր մարզաձևերից աշխարհի առաջնություններին, ինչպես նաև երաժշտական փառատոններին մասնակցող մեր տարածաշրջանի ներկայացուցիչներին ֆինանսավորում է համայնքապետարանը։ Հաղթողներն արժանանում են լրացուցիչ պարգևատրումների։ Շատերն այսօր ուզում են մասնակցել տարբեր առարկաների օլիմպիադաներին, որովհետև գիտեն, որ «Կողբ» հիմնադրամի կողմից աշակերտներն ու ուսուցիչները ստանալու են մեկամյա կրթաթոշակ, որոշակի գումար փոխանցվելու է նաև նրանց դպրոցների ֆոնդին։ Երկիրը զարգացնելու համար պետք է ունենաս պետական մտածողություն և անվերապահորեն սիրես հայրենիքդ»,- ամփոփել է Արսեն Աղաբաբյանը։