AM
29 Հուլիս 2025 - 07:10 AMT

Տեր-Ղազարյան․ ՀԷՑ-ն այս պահին «Տաշիր» ընկերությանն է պատկանում, ինձ հանգիստ թողեք

GTB Holdings-ի սեփականատեր Գրիգոր Տեր-Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում ոչ հերքել, ոչ հաստատել է շրջանառվող այն լուրերը, թե մտադիր է գնել ՀԷՑ–ը։

«Ընկերներ, ՀԷՑ-ն այս պահին «Տաշիր» ընկերությանն է պատկանում, որտեղ պետությունը կառավարիչ է նշանակել և որոշակի պրոցեսներ է տեղի ունենում: Հիմա հարց. ինչպե՞ս կարող եմ ես այն գնել:

Խնդրում եմ ինձ / մեզ հանգիստ թողեք»,–գրել է նա։

Հուլիսի 18-ին հայտնի է դարձել, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը՝ ելնելով կառավարության հաղորդումից, վարույթ է նախաձեռնել ՀԷՑ-ի նկատմամբ և ընկերության ժամանակավոր կառավարիչ է նշանակել պետական վերահսկողության ծառայության նախկին ղեկավար Ռոմանոս Պետրոսյանին, որը կադրային փոփոխություններ է արել ղեկավար կազմում։

Հուլիսի 23-ին գործարար Սամվել Կարապետյանի պաշտպանական թիմը տեղեկացրել է, որ նրա ընտանիքն արբիտրաժային հրատապ գործով հաղթել է ՀՀ կառավարության դեմ։ Ի պատասխան՝ գործադիր մարմինը արձագանքել է միջազգային դատարանի վճռին՝ շեշտելով, որ բոլոր սուբյեկտները պետք է առաջնորդվեն ինչպես ՀՀ օրենսդրությամբ, այնպես էլ միջազգային պայմանագրերով, որոնք սահմանում են արբիտրաժային ակտերի ճանաչման ու կիրարկման կանոնները։