ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը կարևորել է միգրացիոն համակարգի արմատական վերափոխումը՝ մատնանշելով նոր գործիքների ներդրման անհրաժեշտությունը՝ քաղաքացիներին որակյալ ծառայություններ մատուցելու նպատակով։ Այդ մասին նա խոսել է Եվրոպայի Խորհրդի հայաստանյան գրասենյակի «Հայաստանում տեղահանված բնակչության համար մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքների ամրապնդում» ծրագրի շրջանակում օրերս Ծաղկաձորում անցկացված աշխատաժողովի ժամանակ։
Միջոցառման ուշադրության կենտրոնում են եղել Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ներկայիս բարեփոխումները և բռնի տեղահանված անձանց համար հասանելի ծառայությունների բարելավման ուղիները։
Աշխատաժողովի ընթացքում ներկայացվել են նաև կենսաչափական համակարգի ներդրման ուղղությամբ իրականացվող գործողությունները և դրանց զուգահեռ իրականացվելիք կառուցվածքային և գործառույթային փոփոխությունները։
Սարգսյանը նշել է, որ որոշ դեպքերում հնարավոր է հատվածային բարեփոխումներով հասնել արդյունքի, սակայն կան այնպիսի ոլորտներ, որտեղ խորքային վերափոխումն այլընտրանք չունի։ Այս համատեքստում նա շեշտել է, որ Պետություն-մասնավոր գործընկերության ձևաչափով կառուցվող նոր համակարգը հիմնված է ՄՔԾ աշխատակազմի փորձի, գիտելիքների և ներուժի վրա, ինչը թույլ կտա գործարկել նոր մեխանիզմներ՝ միտված ՀՀ քաղաքացիներին մատուցվող ծառայությունների բարելավմանը։
«Ես ուզում եմ, որ պետություն-մասնավոր գործընկերության շրջանակներում ծառայությունների մատուցման նոր ձևաչափն ընկալենք որպես հնարավորություն, որովհետև մեկ օր մենք այս փոփոխությունը պետք է անենք։ Հնարավոր չէ 30 տարի չփոփոխված համակարգը հարմարեցնել ժամանակակից պայմաններին և վստահ լինել, որ այդ ծառայությունը կարող ենք մատուցել այն տրամաբանությամբ, որը որ մեր քաղաքացին ուզում է տեսնել։ Հետևապես պետք է գնանք ավելի հեղափոխական լուծումների ճանապարհով, որն իրականում կկարողանա բովանդակային փոփոխություն բերել պրակտիկայում»,- նշել է Արփինե Սարգսյանը։
Նախարարը նշել է, որ այս բարեփոխումները կենսական են՝ միտված ոչ միայն հանրության, այլև ծառայության աշխատակիցների շահերի պաշտպանությանը, քանի որ «քաղաքացի» հասկացությունն ընդգրկում է նաև հենց հանրային կառույցներում աշխատող անձանց, որոնք ևս օգտվում են մատուցվող ծառայություններից։
Նա տեղեկացրել է, որ առաջիկայում մանրամասն քննարկման առարկա կդառնան Պետություն-մասնավոր համագործակցության բոլոր բաղադրիչները։ Ըստ պայմանագրի նախագծի՝ մասնավոր գործընկերը պարտավոր է առաջնահերթորեն ներգրավել ծառայության ներկա աշխատակազմը։ Այն դեպքերում, երբ որոշ անձնակազմի ներկայացուցիչներ չհամապատասխանեն պայմանագրային չափանիշներին, նրանք կշարունակեն գործունեությունը ՆԳ նախարարության համակարգում։
Միաժամանակ նախատեսվում է ձևավորել հատուկ թիմ, որը կուժեղացնի վերահսկողությունը՝ նպատակ ունենալով հետևել, թե որքանով է մասնավոր գործընկերը կատարում իր պայմանագրային պարտավորությունները։
Ծառայության պետ Նելլի Դավթյանը կարևորվել է որակի ու սպասարկման միասնական չափանիշների սահմանումը և նշել է, որ այդ հարցում ՄՔԾ-ն արդեն որոշակի փորձ է կուտակել՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց խորհրդատվական ծառայություններ մատուցելու գործընթացում։
Նրա խոսքով՝ կուտակված փորձը արժե կիրառել սպասարկման ոլորտում համակարգային բարելավումների նպատակով։ Այս շրջանակում ծառայության ղեկավար կազմն ու ստորաբաժանումների պատասխանատուները ներկայացրել են արդեն իրականացված քայլերն ու անդրադարձել առկա խնդիրներին՝ ձևավորելով դրանց հաղթահարման հիմնական ուղղությունները։
ԵԽ ծրագրի ղեկավար Թամարա Բարբակաձեն ընդգծել է, որ բարեփոխումներն ընթանում են մարդու իրավունքների պաշտպանության տրամաբանության ներքո՝ առաջնահերթ կարևորելով թե՛ տեղահանված անձանց իրավունքների պահպանումը, և թե՛ միգրացիոն հոսքերի կառավարման արդյունավետությունը։






