AM
29 Հուլիս 2025 - 07:25 AMT

Արցախի ԱԺ նախագահ․ Հաջևի հայտարարությունը իրականությունը խեղաթյուրելու ցինիկ փորձ է

Արցախի ազգային ժողովի նախագահ Աշոտ Դանիելյանը հայտարարել է, որ Ադրբեջանի նախագահի արտաքին հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիևն Berliner Zeitung» գերմանական պարբերականին տված հարցազրույցում կրկին խեղաթյուրել է իրականությունը՝ հայտարարելով, թե իբր «Ղարաբաղի հայերն իրենց կամքով են հեռացել» և «Ադրբեջանը պատրաստ էր նրանց վերաինտեգրել»։

Նա նշել է, որ անհերքելի իրականությունն այն է, որ Արցախի ժողովուրդը երբեք ու երբեք ինքնակամ չէր լքի իր հազարամյակների հայրենիքը

«Այս հայտարարությունը ոչ միայն իրականության կոպիտ աղավաղում է, այլև ցինիկ փորձ՝ արդարացնելու պետական մակարդակով իրականացված հանցագործությունը և համոզելու միջազգային հանրությանը դրա օրինականությունը։

Անհերքելի իրականությունն այն է, որ Արցախի ժողովուրդը երբեք ու երբեք ինքնակամ չէր լքի իր հազարամյակների հայրենիքը։ Տասն ամիս տևած դաժան շրջափակումն ու դրա աղետալի հետևանքները, ինչպես նաև 2023 թվականի սեպտեմբերի 19-ի ռազմական հարձակումը մարդկանց կանգնեցրել են հստակ ընտրության առջև՝ հարկադրաբար լքել սեփական բնօրրանը կամ ենթարկվել ֆիզիկական ոչնչացման։ Եվ սա էր Արդբեջանի առաջարկած «վերաինտեգրումը»՝ հպատակվել առանց իրավունքների, առանց անվտանգության, առանց գոյատևման երաշխիքի։

Այս հանցավոր վարքագիծը շարունակվում է նաև այսօր․ 23 հայեր՝ ներառյալ Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությունը, որպես պատանդ է պահվում ադրբեջանական բանտերում՝ ենթարկվելով կեղծ և շինծու դատավարությունների։ Սա վրեժխնդրության քաղաքականությամբ առաջնորդվող բռնապետության դրսևորում է, որի նկատմամբ միջազգային հանրությունը դրսևորում է լռություն ու անգործություն։ Սա հանցավոր լռություն է, որը միայն նպաստում է ապօրինությունների շարունակությանը։ Երբ պատերազմական հանցագործությունները մնում են անպատիժ, դրանք վերածվում են քաղաքական գործիքի։

Այսօր հազարավոր արցախցիներ ապրում են փախստականի կարգավիճակում՝ զրկված ամեն ինչից, բայց ոչ հիշողությունից և արժանապատվությունից։ Պատմությունը մաքրվում է ճշմարտությամբ, ոչ թե քարոզչությամբ։ Արցախահայության ձայնը չի լռելու՝ ոչ Հաջիևի և ոչ էլ նրա նման պաշտոնյաների մանիպուլյացիաներով ու կեղծիքներով»,- ասվում է հայտարարությունում։

Հիքմեթ Հաջիևը գերմանական «Berliner Zeitung» պարբերականին տված հարցազրույցում նաև ասել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է պատմության արխիվ ուղարկել: Ըստ նրա, դա դիվանագիտական ֆիասկո էր։ Նա նաև կրկին խոսել է Բաքվի նախապայմանների մասին՝ առաջին հերթին ՀՀ Սահմանադրությունը փոխելու անհրաժեշտության մասին։