2018-2025թթ․ 1-ին կիսամյակի ընթացքում հանցանք կատարելու համար դատապարտվել է ոստիկանության 99 ծառայող, արդարացվել՝ 3-ը: Նշված ժամանակահատվածում ամենաշատը ոստիկանները դատապարտվել են 2024թ․-ին՝ 21 ծառայող, որից 12-ը եղել են պարեկային ծառայողներ, գրում է «Հետքը»։
Նշվում է, որ որ պարեկները հայտնվում են տարաբնույթ պատմությունների մեջ՝ մեկ կասկածվում են կանչով մեկնելու ժամանակ քաղաքացու տնից ոսկյա զարդեր գողանալու մեջ, մեկ կատարում են բնակարանային գողություններ, սակայն, քիչ չեն նաև դեպքերը, երբ կեղծ արձանագրություններ են կազմում:
Դատապարտված ոստիկաններից 44-ը եղել են մարզային ստորաբաժանումների աշխատակիցներ, իսկ 55-ը՝ Երևան քաղաքի:
«Ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի կրտսեր պարեկը 2023թ. դեկտեմբերի 18-ին՝ ժամը 05:15-ից մինչև 05:21-ն ընկած ժամանակահատվածում և 2024թ. հունվարի 15-ին՝ ժամը 06:42-ից մինչև 06:44-ն ընկած ժամանակահատվածում, 2 անձանց վերաբերյալ՝ առանց նրանց մասնակցության, առանց որևէ իրավախախտում կատարելու փաստի, կազմել է 6 արձանագրություն և որոշում՝ դրանք մուտքագրելով փաստաթղթերի գրանցման տեղեկատվական համակարգում: Այսինքն՝ պարեկը 8 րոպեի ընթացքում 6 արձանագրություն է կազմել։
Սակայն, նրա գործընկեր պարեկն ավելի «ճարպիկ» է գտնվել՝ 2 անձի վերաբերյալ 26 կեղծ արձանագրություն է կազմել:
Հակակոռուպցիոն դատարանը 2024թ. մեղադրական դատավճիռ է կայացրել: 6 կեղծ արձանագրություն կազմած պարեկի նկատմամբ դատարանը նշանակել է տուգանք՝ 1 մլն դրամի չափով, իսկ 26 արձանագրություն կազմածի նկատմամբ՝ 3 մլն դրամ տուգանք»,–ասվում է հրապարակման մեջ։
Նշվում է նաև, որ ոստիկանության ծառայողները ներգրավված են նաև թմրամիջոցներ օգտագործելու, ինչպես նաև իրացնելու և ապօրինի շրջանառությանը մասնակցելու գործերում: Մասնավորապես՝ 2018-2025թթ․ 1-ին կիսամյակի ընթացքում թմրամիջոցներ օգտագործելու, ինչպես նաև իրացնելու և ապօրինի շրջանառության դեպքերով ծառայությունից ազատվել է ոստիկանության 80 ծառայող:
Ըստ ՆԳՆ-ի տրամադրած տեղեկատվության՝ թմրամիջոցների շրջանառությանը մասնակցած ոստիկանության ծառայողներն ամենաշատն աշխատանքից ազատվել են 2024թ․-ին՝ 18 ծառայող: 2025թ. առաջին կիսամյակի ընթացքում արդեն ոստիկանության 11 ծառայող է նշված պատճառով աշխատանքը կորցրել:
Նշված 80 ծառայողներից 67-ը ոստիկանության Երևան քաղաքում տեղակայված ստորաբաժանումների ծառայողներ են, իսկ 13-ը՝ մարզային ստորաբաժանումների ծառայողներ։ Բացի այդ, 80 ծառայողներից 3-ը եղել են Ճանապարհային ոստիկանության ծառայողներ, 14-ը՝ պարեկային, իսկ մնացածը՝ տարբեր ստորաբաժանումների։
Դատարանի մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու հիմքով 2018-2025թթ․ 1-ին կիսամյակի ընթացքում Ոստիկանությունում ծառայությունից ազատվել է 93 ծառայող: Միայն 2025թ. առաջին կիսամյակի ընթացքում ոստիկանության 13 ծառայող դարձել է գործազուրկ:
Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն ավելի վաղ կարևորել էր կադրերի ընտրությունը, թե ինչպիսի հատկանիշներ են գնահատվում նրանց մեջ կոնկրետ պաշտոնի դեպքում, ինչպես են ստուգում նրանց բարեվարքությունը, գնահատում հոգեհուզական վիճակը՝ հատկապես գերլարում պահանջող ծառայությունների դեպքում։






