AM
29 Հուլիս 2025 - 09:20 AMT

Մոսկվա–Երևան և հակառակ ուղղությամբ թռիչքներ են չեղարկվել

«Զվարթնոց» օդանավակայանի կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ Մոսկվա–Երևան և Երևան–Մոսկվա ուղղություններով մի շարք չվերթեր են չեղարկվել։

Մասնավորապես, չեղարկման են ենթարկվել առավոտյան ժամը 05:45-ին նախատեսված Մոսկվա–Երևան չվերթը, ինչպես նաև այդ նույն ուղղությամբ ծրագրված 12:55-ի թռիչքը, գրում է Radar Armenia-ն։

Երևանից Մոսկվա մեկնող չվերթերի շարքում չեն կայացել առավոտյան 06:45-ի և 13:55-ի ժամանակացույցով նախատեսված թռիչքները։

Բոլոր չեղարկված թռիչքները նախատեսվում էին իրականացնել «Աերոֆլոտ» ռուսական ավիաընկերության միջոցով։

«Աերոֆլոտը» հուլիսի 28-ի առավոտյան տեղեկացրել էր, որ իր տեղեկատվական համակարգերում տեղի է ունեցել խափանում, ինչի հետևանքով մեծ թվով չվերթներ չեն իրականացվել։