AM
29 Հուլիս 2025 - 09:55 AMT

Ամենատարածված մաշկային հիվանդություններն ու մաշկաբանության գրավչության պատճառները

Տարիների ընթացքում մաշկաբանությունն իր դիրքը պահպանել է որպես առավել մրցակցային և պահանջված կլինիկական ուղղություն՝ թե՛ միջազգային, և թե՛ տեղական մակարդակում։ Հայաստանում այն մասնագիտական նախապատվությունների ցանկում երկրորդ տեղում է, զիջելով միայն ճառագայթային ախտորոշման ուղղությանը։

Կլինիկական օրդինատուրայի սահմանափակ տեղերի համար մրցակցությունը մեծ է, ինչը պայմանավորված է մաշկաբանության հանդեպ կայուն հետաքրքրությամբ։ Սա ոլորտ է, որն ընդգրկում է մաշկի, մազերի, եղունգների, ճարպային և քրտնագեղձերի, ինչպես նաև լորձաթաղանթների հիվանդությունների կանխարգելումը, ախտորոշումը և բուժումը։ Բացի այդ, մաշկաբանությունը ներառում է նաև էսթետիկական խնդիրների շտկում և սերտորեն առնչվում է մի շարք մասնագիտությունների՝ ներառյալ ուռուցքաբանության, տրիխոլոգիայի, վեներաբանության, իմունոլոգիայի, պլաստիկ և այրվածքաբանական վիրաբուժության հետ, հայտնում է ԵՊԲՀ առողջապահության ծրագրերի ազգային գիտահետազոտական «Հերացի» կենտրոնը։

Մաշկը, որպես մարդու ամենամեծ և բազմաֆունկցիոնալ օրգան, ենթակա է տարաբնույթ հիվանդությունների, որոնց ծագումն ընդգրկում է վարակիչ, աուտոիմուն, նյութափոխանակային և ուռուցքային բնույթներ։ Դրանց ազդեցությունը տարածվում է նաև հիվանդի ընդհանուր առողջության և հոգեբանական վիճակի վրա՝ հաճախ ուղեկցվելով սոմատիկ կամ համակարգային խնդիրներով։

ԱՀԿ-ի հրապարակած տվյալներով՝ մաշկային հիվանդությունները դասվում են աշխարհի 10 ամենատարածված հիվանդությունների շարքին՝ ազդելով գրեթե յուրաքանչյուր երրորդ մարդու վրա՝ անկախ տարիքից կամ սոցիալական կարգավիճակից։

Ամերիկյան մաշկաբանության ակադեմիայի տվյալներով՝ ամենատարածված մաշկային հիվանդություններն են՝

  • Ատոպիկ դերմատիտը, որը հայտնաբերվում է երեխաների 15%-ից 30%-ի և մեծահասակների 2%-ից 10%-ի մոտ։
  • Փսորիազը, քրոնիկ աուտոիմուն հիվանդություն, որ ախտորոշվում է բնակչության 2–4%-ի շրջանում։
  • Սեբորեային դերմատիտը, որը տարածված է համաշխարհային բնակչության 4.4%-ի մոտ՝ հիմնականում մեծահասակների մոտ։
  • Ակնեն, որն ախտահարում է դեռահասների շուրջ 28%-ին և մեծահասակների 20.5%-ին։

Դերմատոլոգիական ծառայությունների պահանջարկի աճը պայմանավորված է նաև ժողովրդագրական փոփոխություններով ու կոսմետիկ մաշկաբանության ոլորտում արձանագրված զարգացումներով։ Բնակչության ծերացման միտումը մեծացնում է տարիքային մաշկային խանգարումների բուժման անհրաժեշտությունը, իսկ արտաքին տեսքի նկատմամբ ավելացող ուշադրությունը նպաստում է էսթետիկական միջամտությունների պահանջարկի աճին։

Կոսմետիկ մաշկաբանության ծառայությունների մասսայականացմանը նպաստում են բոտուլոտոքսինի ներարկումները, դերմալ ֆիլլերները, լազերային թերապիան և միկրոդերմաբրազիան։ Բնակչության շրջանում տարածված է երիտասարդ տեսքը պահպանելու ձգտումը, ինչը կապվում է կյանքի որակի բարելավման հետ։ 2000-ականներից ի վեր նման միջամտությունների պահանջարկը աճել է 115%-ից մինչև 460%, իսկ միայն 2023թ․ իրականացվել է մոտ 34.9 միլիոն միջամտություն։

Այս ոլորտը նաև համարվում է բարձր եկամտաբեր, քանի որ մասնագետների վաստակը մեծապես պայմանավորված է կատարած միջամտությունների և այցելությունների քանակով։ Սա դարձնում է մասնագիտությունը գրավիչ ինչպես փորձառու մասնագետների, այնպես էլ նոր սերնդի բժիշկների համար։

Վերջին տարիներին մաշկաբանությունն ավելի ընդգծված ներկայություն ունի թվային հարթակներում։ Մեծ տարածում են գտել «դերմֆլուենսերները»՝ մաշկաբաններ, որոնք սոցիալական ցանցերում տարածում են կրթական բովանդակություն։ Նման գործունեությունը խթանում է հանրային վստահությունը, մասնագիտության նկատմամբ հետաքրքրությունն ու ճանաչելիությունը, հատկապես բժշկական կրթություն ստացող երիտասարդների շրջանում։

Ըստ AMN Healthcare-ի հետազոտության՝ ապագա բժիշկները մաշկաբանությունն ընտրում են մի շարք գործոններով՝

  • աշխատանքային և անձնական կյանքի հավասարակշռված համադրություն (գիշերային հերթապահությունների բացակայություն),
  • ուսուցման համեմատաբար կարճ տևողություն,
  • արագ ախտորոշման հնարավորություններ՝ առանց բարդ հետազոտությունների,
  • կլինիկական բազմազանություն՝ սկսած քրոնիկ հիվանդություններից մինչև բարձր տեխնոլոգիական կոսմետիկ միջամտություններ,
  • բարձր եկամտաբերություն,
  • պացիենտների բավարարվածության բարձր աստիճան։

Վերջինս լրացվում է տեխնոլոգիական առաջընթացով՝ մաշկաբանական պրակտիկայում ներդրվում են ժամանակակից ախտորոշման ու բուժման միջոցներ։ Արհեստական բանականության կիրառումը զգալիորեն բարելավում է ախտորոշման ճշգրտությունը՝ փոխելով բժշկի որոշումների որակը և արդյունավետությունը։

Բոլոր այս գործոնների համադրմամբ մաշկաբանությունն այսօր ընկալվում է որպես բարձր տեխնոլոգիական, արագ զարգացող և հանրային նշանակություն ունեցող բժշկական ուղղություն, որն արդարացիորեն համարվում է 21-րդ դարի ամենահեռանկարային մասնագիտություններից մեկը։