Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտնել է, որ Հայաստանը ոչ թե չի ընդունել ամերիկյան առաջարկը, այլ երբևիցե չի քննարկել և չի քննարկելու որևէ առաջարկ, որն իր օրենսդրությամբ նախատեսված չէ:
Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքը, անդրադառնալով տարածաշրջանում հաղորդակցային ուղիների ապաշրջափակման թեմային, օրեր առաջ նշել է, որ Միացյալ Նահանգներում նման խնդիրները հնարավոր կլիներ լուծել, օրինակ, ճանապարհը 100 տարով վարձակալելու տարբերակով, ինչը թույլ կտար բոլոր կողմերին օգտվել այդ ճանապարհից, սակայն հավելել է, որ Հարավային Կովկասում մշակութային տարբերությունները նման մոտեցման իրագործումը դժվարեցնում են։
«Հայաստանի օրենքներով և օրենսդրությամբ հողի վարձակալություն երևույթ գոյություն չունի»,- ասել է Ռուբինյանը, հայտնում է Factor.am-ը։
Խոսելով ապաշրջափակման մասին՝ նա ասել է, որ Հայաստանը ոչ միայն ցանկություն ունի, այլև նախաձեռնողական է բոլոր հաղորդակցման ուղիները՝ երկաթուղային, ավտոմոբիլային, մալուխային և գազատար համակարգերը վերագործարկելու հարցում։ Ռուբինյանը հավելել է, որ այդ մոտեցումներն ամրագրված են «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության մեջ։
ԱԺ փոխնախագահը ներկայացրել է այն 4 սկզբունքը, որոնցով Երևանն առաջնորդվում է ապաշրջափակմանհարցում, այն է՝ տարածքային ամբողջականության սկզբունքը, ինքնիշխանության սկզբունքը, որը ենթադրում է, որ յուրաքանչյուր պետություն լիարժեք իշխանություն ունի իր տարածքում որոշումներ կայացնելու և կիրառելու, իրավազորության սկզբունքը, երբ ենթակառուցվածքների շահագործման ընթացքում գործում են տվյալ երկրի՝ այս դեպքում՝ ՀՀՀ օրենքները, և վերջին սկզբունքը փոխադարձությունն է՝ երբ «օրինակ, Ադրբեջանից Հայաստանի տարածքով երրորդ երկիր գնացող մարդիկ և բեռները պիտի գնան նույն ձևով և նույն պայմաններով»։
«Մենք կարծում ենք, որ հայերը պիտի Ադրբեջանի տարածքով անցնելիս ադրբեջանցի տեսնեն, ադրբեջանցիներն էլ Հայաստանի տարածքով անցնելիս պիտի հայեր տեսնեն, որովհետև դա է տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման ամբողջ իմաստը, որ մարդիկ միմյանց տեսնեն և սովորեն միմյանց տեսնել ոչ միայն որպես թշնամիներ, այլև որպես ուղղակի մարդիկ»,- ասել է Ռուբինյանը։
Նա նաև հավելել է, որ Ազգային անվտանգության ծառայության կազմում ձևավորվել է հատուկ ստորաբաժանում, որն ունի անցնող տրանզիտային հաղորդակցությունների նկատմամբ ուժեղացված վերահսկողության իրականացնելու լիազորություն։
Ալիևը միջազգային մեդիաֆորումի ընթացքում, զարգացնելով «Զանգեզուրի միջանցքի» խոսույթը, հայտարարել է, թե «ադրբեջանական բեռները և Ադրբեջանի քաղաքացիները չպետք է հանդիպեն հայկական սահմանապահ ծառայությանը կամ որևէ այլ մեկին», ու հաղորդակցության այդ ուղին ադրբեջանական կողմը դիտարկում է որպես անարգել և անվտանգ կապ Ադրբեջանի տարածքների միջև։ Այդ հարցն, ըստ նրա, արծարծվել է նաև Աբու Դաբիում ՀՀ վարչապետի հետ կայացած հանդիպմանը։ Նաև հավելել է, որ իրենց տարածքում չեն լինի «օպերատոր, տարածքի վարձակալություն կամ վարձույթ»։
Վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը, մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարությունները, ընդգծել է, որ ՀՀ–ն երբևէ որևէ մեկի հետ չի քննարկել, չի քննարկում և չի քննարկելու «Ադրբեջանի նախագահի նշած անվանաբանությունը և դրանից բխող տրամաբանությունը»։ Նա նշել է նաև, որ որ «Ալիևի այն հայտարարությունը, թե ադրբեջանցիները չպետք է հանդիպեն ՀՀ սահմանապահի, դուրս է տեղի ունեցած քննարկումների տրամաբանությունից»։






