AM
29 Հուլիս 2025 - 11:52 AMT

Աշոտյանի փաստաբան. Մարդն ունի խնդիր ու չի կարողանում դիմել բուժօգնության

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը հայտարարել է, որ իր պաշտպանյալ, տնային կալանքի տակ գտնվող ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին խոշտանգում են, քանի որ դատարանի որոշմամբ ոստիկանությունը բժշկական օգնության կարիք ունեցող Աշոտյանին պետք է ուղեկցեր ատամնաբուժարան, մինչդեռ ոստիկանությունն իր գործառույթները չի կատարել»։

Նա նշել է, որ տնային կալանքի տակ գտնվող անձինք, ինչպես և ցանկացած այլ քաղաքացի, այդ թվում՝ կալանավորները, իրավունք ունեն ստանալու որակյալ բժշկական օգնություն, հայտնում է Panorama.am-ը։

«Բայց այս դեպքում անձին չի թույլատրվում ինքնուրույն մեկնել հիվանդանոց։ Խոսքը շտապ դեպքերի մասին չէ, այլ ընթացիկ խնդիրների։ Չկա մեխանիզմ, պետական մարմին, որ դրա համար պատասխանատու է։ Դատարանը գրում է ոստիկանությանը, իսկ ոստիկանությունը չի էլ պատասխանում դատարանին, այսինքն՝ ոստիկանությունը փաստացի հրաժարվել է այդ գործառույթը կատարել։ Կատարող չկա։ Այս պայմաններում տնային կալանքը դառնում է անմարդկային, արդեն խոշտանգում է մարդու նկատմամբ,»– դատական նիստից հետո լրագրողներին ասել է Աթանեսյանը։

Աթանեսյանը նաև նշել է, որ նույն դատավորի վարույթում քննվող այլ քրեական գործերում, երբ անձը հայտնվել է նման իրավիճակում, կիրառվել է խափանման միջոցի փոփոխություն՝ տնային կալանքը փոխարինելով վարչական հսկողությամբ։ Սակայն, ըստ փաստաբանի, Աշոտյանի պարագայում նման մոտեցում չի ցուցաբերվել, քանի որ գործը ունի քաղաքական բաղադրիչ։

Հունիսին Հակակոռուպցիոն դատարանը ևս 2 ամսով երկարացրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված տնային կալանքը։

Աշոտյանը «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում կատարված առերևույթ չարաշահումների գործով մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և փողերի լվացման հոդվածներով, որն առաջացրել է ծանր հետևանքներ։