AM
29 Հուլիս 2025 - 12:27 AMT

Արտասահմանցի և սփյուռքահայ դիմորդների համար գործարկվել է ընդունելության էլեկտրոնային համակարգը

Հայաստանի բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում 2025-2026 ուսումնական տարվանից օտարերկրյա դիմորդների ընդունելությունը կատարվում է էլեկտրոնային եղանակով՝ fs.emis.am համակարգի միջոցով:

Հարթակում փաստաթղթերի հայտագրման ամբողջ ընթացքը ներկայացված է հատուկ մշակված ուղեցույցում, որը նախատեսված է դիմորդների համար։ Դիմորդը նախ պետք է գրանցվի հարթակում՝ անցնելով ակտիվացման փուլը, ինչից հետո կարող է անցնել հաջորդ քայլերին, հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը։

Պետք է մուտք գործել fs.emis.am կայք և սեղմել «Մուտք» կոճակը։ Բացված պատուհանում առաջարկվում է մուտք գործել կամ գրանցվել։ Անհրաժեշտ է սեղմել «Գրանցում» կոճակը, լրացնել էլ. փոստի հասցեն, գաղտնաբառն ու այն կրկնել (բոլոր դաշտերը պարտադիր են լրացման համար)։ Տվյալների լրացումից հետո կհայտնվի հաղորդագրություն՝ «Հաշիվը ակտիվացված է»։ Նշված էլ. հասցեին կուղարկվի նամակ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնից։ Եթե նամակը չի երևում մուտքային գրառումներում, խորհուրդ է տրվում ստուգել նաև «Սպամ» բաժինը։ Սեղմելով նամակում ներառված «Ակտիվացնել» հղումը՝ կարելի է մուտք գործել հարթակի գլխավոր էջ։

Գրանցման ավարտից հետո օգտատերը կարող է մուտք գործել իր օգտահաշիվ՝ սեղմելով կայքի «Մուտք» կոճակը և մուտքագրելով գրանցման ժամանակ օգտագործված տվյալները։ Օգտահաշվով հնարավոր է դիմել նախընտրած բուհ, հետևել հայտի ընթացքին, փոփոխել ուսումնական հաստատությունը, մասնագիտությունը, գաղտնաբառը և այլն։

Հայտը լրացնելիս անհրաժեշտ է մուտքագրել բոլոր պարտադիր դաշտերը, կցել պահանջվող փաստաթղթերը և յուրաքանչյուր քայլից հետո սեղմել «Պահպանել» կոճակը։ Լրացված հայտը պահպանվում է դիմորդի անձնական էջի «Հայտեր» բաժնում։ Դիմորդը կարող է փոփոխել կամ չեղարկել ներկայացված հայտը։

fs.emis.am հարթակում ներկայացված են Հայաստանի բուհերն ու առաջարկվող կրթական ծրագրերը, մասնագիտությունների ցանկը և կրթական աստիճանները։ Դիմորդների համար հասանելի ուղեցույցում մանրամասն բացատրվում են գրանցման քայլերը։

Դիմելու վերջնաժամկետներն են՝

Սփյուռքահայերի անվճար առկա ուսուցմամբ բակալավրի ծրագրի համար՝ մինչև 2025 թ․ օգոստոսի 22-ը,

Վճարովի առկա ուսուցմամբ բակալավրի ու ինտեգրացված ծրագրերի, ինչպես նաև նախապատրաստական դասընթացների համար՝ մինչև 2025 թ․ սեպտեմբերի 30-ը,

Վճարովի առկա մագիստրոսի կրթական ծրագրերի և նախապատրաստական դասընթացների համար՝ մինչև հոկտեմբերի 10-ը,

Վճարովի հեռակա բակալավրի և մագիստրոսի ծրագրերի համար՝ մինչև հոկտեմբերի 16-ը,

Վճարովի հետբուհական՝ ասպիրանտական ծրագրերի համար՝ մինչև նոյեմբերի 14-ը։

Դիմորդները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝ անձնագրի պատճեն, սփյուռքահայերի համար՝ ծննդյան վկայականի կամ մկրտության վկայականի նոտարական պատճեն, կրթական աստիճանը հավաստող ավարտական փաստաթղթի թարգմանված և նոտարացված պատճեն (որոշ երկրներում՝ նաև ապոստիլով), բժշկական տեղեկանք առողջական վիճակի վերաբերյալ (կարող է տրամադրվել ՀՀ բժշկական կազմակերպությունների կողմից), միասնական քննությունների վկայագիր, 3×4 չափի չորս լուսանկար, ինքնակենսագրություն՝ հայերեն, ռուսերեն կամ անգլերեն, ասպիրանտուրայի դիմորդների համար՝ գիտական ռեֆերատ՝ 20 էջի սահմաններում, նշված լեզուներից որևէ մեկով։